Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ը խոստանում է վարույթներ՝ պետական գնումների ոլորտում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօր հրավիրված հասարակական խորհրդի ընդլայնված նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում տնտեսվարողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ 190-ից ավելի որոշում է կայացվել՝ մոտ երկու անգամ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում։

Այս տարվա տուգանքների չափը կազմել է 370 միլիոն դրամ։

Հասարակական խորհրդի անդամ, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի լրամշակումից հետո, անցնող տարվա ընթացքում փոփոխությունները զգացվում են։

«Չենք կարող ասել, որ արմատական փոփոխություն կա, գերակա դիրք ունեցողները օրինական դաշտ են մտել, չենք կարող ասել, որ հավասար մրցակցություն կա», - փաստեց Ղազարյանը, սակայն, ըստ նրա․ - «Կարեւորն այն է, որ հանձնաժողովը սկսել է ավելի արդյունավետ աշխատել»։

Գործարարներին մտահոգում է նաեւ պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությունը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պարզաբանմամբ․ - «Պետական գնումների ոլորտը մրցակցության տեսակետից չափազանց կարեւոր նշանակություն ունի, եւ պետությունը պետական գնումների ոլորտի միջոցով կարող է սահմանափակել մրցակցությունը։ Մենք անպայման հետեւողականորեն կիրականացնենք աշխատանքներ այս ուղղությամբ, արդեն որոշ աշխատանքներ իրականացրել ենք եւ հրապարակային վարույթներ կիրականացնենք, որոնց դուք ականատես կլինեք արդեն հաջորդ տարվա սկզբից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG