Մատչելիության հղումներ

«Ճշմարտությունը եւ սերը հաղթանակ են տանելու ստի եւ ատելության նկատմամբ»


Վացլավ Հավել

Վացլավ Հավել

Մոլորակի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում` Զլատա Պրահայում սուգ է, նախագահի նստավայրի եւ պետական հիմնարկների դրոշները կիսով չափ իջեցված են, կապույտ-սպիտակ-կարմիր եռագույնի կողքին մեծ մտածողի եւ իրավապաշտպանի մահն ազդարարող սեւ դրոշն է։

Չեխական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Բոհեմիայի հյուսիսում գտնվող Հրադեչեկ պստիկ ավանի ամառանոցում այսօր վաղ առավոտյան մահացել է 75-ամյա նախկին նախագահ Վացլավ Հավելը, ով 1989 թվականին առաջնորդել է մի շարժում, որը հետագայում անվանել են «թավշյա հեղափոխություն»։

Չեխոսլովակիայի կոմունիստական վարչակարգի հետ անհաշտ պայքարում շարժումը հաղթել է, եւ Հավելն ընտրվել է Չեխոսլովակիայի առաջին նախագահ։

Ապա դաշնությունը խաղաղ ճանապարհով կազմալուծվել է, ստեղծվել է երկու առանձին պետություն, եւ Հավելն ընտրվել է Չեխիայի նախագահ եւ երկու անգամ պաշտոնավարել` մինչեւ 2003 թվականը։

Հավելի օրոք է Չեխիան անդամակցել ՆԱՏՕ-ին եւ ընտրել Եվրամիությանն անդամակցելու երազելի ճանապարհը։

Բանտարկված ու վարչակարգի կողմից մերժված գրող-այլախոհը մուտք է գործել նախագահական նստավայր, առաջին իսկ օրվանից ասելով, որ ներում է իրեն անձամբ մարդկային, ֆիզիկական, բարոյական տառապանքներ պատճառած չինովնիկներին, սակայն կոմունիստ ռեժիմի զարհուրելի հանցանքների մասին չի լռելու։

Ռեժիմը 1989 թվականի դեկտեմբերին պարտվել է, որովհետեւ դրանից շաբաթներ առաջ` նոյեմբերի 17-ին, ոստիկանները դաժանաբար ցրել են ուսանողների բողոքի ցույցը, ամբողջ երկիրն է ոտքի կանգնել, դա Չեխոսլովակիայում կոմունիստների վերջն էր։

Շատ տարիներ անց նա` խոսելով «թավշյա հեղափոխության» օրերի մասին, ասել է, թե ռեժիմը չէր գիտակցում, որ մեկ ձնագունդը կարող է մի ամբողջ լավինա առաջացնել։

«Մենք` 77-ի Հռչակագիրը (1977 թվականին մի խումբ այլախոհ մտավորականներ եւ հասարակական գործիչներ հրապարակել են Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգի հանցանքները դատապարտող եւ երկրում դեմոկրատական բարեփոխումների կոչ պարունակող հռչակագիր) ստորագրած այլախոհներս, դա գիտեինք, բայց նույնիսկ մենք էլ չէին մտածում, որ այդ ամենը այդքան արագ կլինի», - ասել է Հավելը։

Կարելի է մի ամբողջ հաղորդում պատրաստել դրամատուրգ, այլախոհ եւ պետական գործիչ Վացլավ Հավելի հեղինակած ասացվածքներից, որ հնչել են հանրային ելույթներում, ասվել բանակցություններում կամ ասուլիսներում, գրվել երկերում։

«Իսկական քաղաքականությունը, այն, ինչ ես կհամարձակվեմ այդ բառով որակել, քաղաքականություն, որին ուզում եմ նվիրվել, դա ընդամենը քեզ շրջապատող մարդկանց ծառայելն է, քո համայնքին, նրանց, ովքեր կգան մեզ փոխարինելու, եւ այդ քաղաքականության արմատները բարոյականության մեջ են, դա գործողությամբ դրսեւորված պատասխանատվություն է»։

«Արդիական մարդու ողբերգությունը ոչ թե այն է, որ նա հետզհետե ավելի քիչ է իմանում կյանքի իմաստի մասին, այլ այն, որ դա նրան հետզհետե ավելի քիչ է հետաքրքրում»։

«Մարդկանց աշխարհի փրկությունը մարդու սրտի մեջ է, հեզության եւ պատասխանատվության մեջ»։

Մի առիթով Հավելն ասել է, որ «շատ թվով երկրներ օգնել են մեզ, երբ մենք պայքարել ենք ազատության համար, ուստի, մեր բարոյական պարտքն է` օգնել այն ժողովուրդներին, որոնք հիմա այդ պայքարն են մղում»։

Դրա գործնական արդյունքը «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանի համար Պրահայում կենտրոն հատկացնելն էր։

Վացլավ Հավելի որոշ մտքեր խիստ արդիական են այսօր.

«Սուտը մեզ երբեւէ չի փրկի նորանոր ստերից»։

«Երկիր, որը մերժում է իր քաղաքացիների իրավունքները` մի օր աշխարհի համար վտանգավոր է դառնում»։

1989 թվականի դեկտեմբերի հայտնի ելույթում Վացլավ Հավելը, դիմելով հարյուր հազարավոր ցուցարարների, ասել է. - «Ճշմարտությունը եւ սերը հաղթանակ են տանելու ստի եւ ատելության նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG