Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ. «Սուրիկ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա»


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Հայաստանի գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, կազմակերպության` շաբաթ օրը կայացած հանրագումարից հետո, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կասի իր հրաժարականի լուրերի վերաբերյալ, ասաց, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

«Ես արդեն զզվել եմ այդ հիմարություններին պատասխանելուց, հրաժարական չեմ պատրաստվում ներկայացնել եւ պատրաստվում են շատ ակտիվ աշխատելու հանուն մեր պետականության, հանուն մեր իրավական համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացման: Այդ հիմարությունները ստեղծված են տարբեր չարամիտ նպատակներով: Բոլորդ գիտեք դա, չնայած դրան, միշտ պնդում եք նման հարցադրումներ: Այդ լուրերը ընդամենը տարածում են մարդիկ, ովքեր դժգոհ են կամ գոհ չեն դատախազության համակարգից, ես ուղղակի ցավով եմ դա նշում եւ խղճում եմ այդ մարդկանց», - ասաց գլխավոր դատախազը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գլխավոր դատախազը նաեւ անդրադարձավ Հատուկ քննչական ծառայության որոշմանը` կարճել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը: Հիշեցնենք` ՀՔԾ-ն գործը կարճել էր այն հիմնավորմամբ, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը եւ դա ծեծ չի համարվում:

«Հարուցվեց քրեական գործ օրենքով սահմանված կարգով, կատարվեց օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում լիարժեք պարզաբանվեց, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանելու խնդիր էլ չկա, քանի որ ամբողջ միջադեպը նկարահանված էր, իսկ դա որեւէ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցագործության հանցակազմ չի առաջ բերում: Բավարարված կլինեն, թե` ոչ, մենք գործել ենք օրենքով եւ քրեաիրավական գնահատականը Սուրիկ Խաչատրյանի տվել ենք օրենքով նախատեսված կարգով», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG