Մատչելիության հղումներ

Հայ համայնքը իրատեսական է համարում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը


Ֆրանսիայի Սենատը

Ֆրանսիայի Սենատը

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հասցեագրված նամակում նշել է, թե թուրք-ֆրանսիական հարաբերությունները չեն կարող կախված լինել երրորդ կողմից:

Թուրքիայի վարչապետը, փորձելով այս նամակով կասեցնել Ֆրանսիայի խորհրդարանում գալիք շաբաթ` դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման հնարավորությունը, նշել է, թե սա «շատ զգայուն եւ լուրջ հարց» է, եւ այդ ենթատեքստով էլ, ըստ էության, նախընտրել է զգուշացնել թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա վտանգի մասին:

Ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր նաեւ ետ կանչել Ֆրանսիայից իր դեսպանին, եթե այդ երկրի խորհրդարանը օրինագծին։ Հիշեցնենք` օրինագծով, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար սահմանվում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք։

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների կազմված թուրքական պատվիրակությունն արդեն ժամանել է Փարիզ` փորձելով ամեն գնով հետ պահել պատգամավորներին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ նախագծի ընդունումից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 7-ին Հայաստան կատարած այցի ժամանակ անդրադարձել էր Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի դերակատարությանը: Նա նաեւ խոսել էր ցեղասպանության մասին:

«Եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչեր իր պատմության սեւ օրերը եւ, իհարկե, ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան եւ Հայաստանը դա կհամարեին հաշտությանն ուղղված քայլ։ Եթե Թուրքիան այդ քայլին չդիմի եւ շարունակի ժխտել ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այդ ժամանակ կցանկանա ավելի հեռուն գնալ եւ փոխելով իր օրենսդրությունը` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կսահմանի», - Երեւանում ասել էր Սարկոզին:

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ ստորին պալատում օրինագծի ընդունման դեպքում այն կհաստատվի նաեւ Սենատում այն բանից հետո, երբ արդեն անցյալում կլինեն Ֆրանսիայի նախագահի ընտրությունները, ասաց. - «Սենատն այսօր ձախակողմյան իշխանության կողմնակիցն է, եւ այնտեղ ընկերվարականները (սոցիալիստները) ֆրանսիական մամուլի ներկայությամբ խոստացել են հայ համայնքին, որ երբ հարցը մտնի Սենատ, անպայման պետք է վավերացվի: Այսինքն թե' աջակողմյան, թե' ձախակողմյան ուժերը խոստացել են, որ օրինագիծը կընդունվի», - ասաց Վարժապետյանը:

Հիշեցնենք՝ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր նման մի օրինագիծ, սակայն այս տարվա մայիսին այն չհաստատվեց Սենատի օրենսդիր հանձնաժողովում:

Հրաչ Վարժապետյանը նաեւ ընդգծեց, որ օրինագծի ընդունումն իրատեսական է, քանի որ բացի Սարկոզիից, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման վերաբերյալ խոստում է տվել նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածու, Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Հոլանդը:

«Հայկական համայնքը, անշուշտ, միասնական ճիգերով, իր բոլոր հոսանքներով ներգրավված է հարցի լուծմանը եւ Ֆրանսիայի նախագահից եւ իշխանություններից պահանջում է տեղի չտալ թուրքական ճնշումներին», - ասաց Վարժապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG