Մատչելիության հղումներ

Կաթնամթերք արտադրող «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» եւ «Անի կաթ» ընկերությունների մոտ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չարաշահումներ է հայտնաբերել։

Հանձնաժողովը 2010 թվականի հուլիսից մինչեւ 2011 թվականի նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսակների ուսումնասիրությամբ պարզել է, որ ընկերությունը թթվասեր արտադրելիս կարագի փոխարեն օգտագործել է կոկոսի յուղ։

«Ընկերությունը օգտագործել է չթույլատրված ապրանք՝ բուսական յուղ, ինչը ինքնին հակասում է ե՛ւ գործող ընթացակարգերին, ե՛ւ հասարակության համար էական մոլորեցում է ենթադրում», - այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի ներկայացուցիչը։

Ըստ հանձնաժողովի, օրինակ 2010 թվականի հուլիսին «Աշտարակ կաթը» կոկոսի յուղի օգտագործմամբ մրցակից բարեխիղճ ընկերությունների նկատմամբ ստացել է շուրջ 12 միլիոն դրամի առավելություն, կամ յուրաքանչյուր միավոր ապրանքի հաշվով գրեթե 100 դրամի առավելություն։

ՏՄՊՊՀ-ի ներկայացուցչի խոսքով, «Աշտարակ կաթ» ընկերությունը կոկոսի յուղն օգտագործել է ոչ միայն թթվասերում, այլ կաթնաշոռում, մածնում եւ պանրիկում։ «Աշտարակ կաթ» ընկերությունը 7 ապրանքային շուկաներում ունի գերիշխող դիրք։

Այդպիսով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եկավ հետեւյալ եզրակացության․ - «Բուսական յուղ օգտագործելով կաթնամթերքի արտադրության մեջ, այդ արտադրողները ստանում են լուրջ մրցակցային առավելություն բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։ Ձեր ընկերությունը, հանդիսանալով խոշոր ընկերություն, այս ճանապարհով մուտքի խոչընդոտ է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի համար»։

Հաշվի առնելով, որ ընկերությունը նախկինում զգուշացվել է՝ ձեռնպահ մնալ մրցակցության օրենսդրության խախտումներից, «Աշտարակ կաթի» նկատմամբ նշանակվեց պատժի առավելագույն չափ՝ տարեկան հասույթի 1 տոկոսը, որը տվյալ ընկերության դեպքում կազմում է մոտ 50 միլիոն դրամ։

«Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ մեկնաբանություններով հանդես կգա հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ստանալուց հետո միայն։

Հաջորդ ընկերությունը «Դուստր Մարիաննան» էր, որի որոշ արտադրատեսակներում եւս հայտնաբերվել էր կոկոսի յուղի պարունակություն։ Ի դեպ, այս ընկերությունը եւս նախկինում հայտնվել էր ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում եւ նույնպես ստացավ առավելագույն պատիժ, որը կազմեց 20 միլիոն դրամ։

Կաթնամթերք արտադրող «Անի կաթ» ընկերությունը եւս բուսական յուղ օգտագործելու համար տուգանվեց 5 միլիոն դրամով, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց համապատասխան արտադրատեսակներում բուսական յուղեր չեն օգտագործվել, եւ պատրաստվում են դատական կարգով վիճարկել հանձնաժողովի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG