Մատչելիության հղումներ

Քաջարանցիները շարունակում են պայքարել


Քաջարան գյուղի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայան
Քաջարան գյուղի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայան
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում լարված իրավիճակ է. գյուղացիները ուրբաթ օրը հավաքվել են գյուղապետարանում հույսով, որ իրենց հետ հանդիպման կգա տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Գյուղացիները խիստ վրդովված են, որ կառավարության որոշման համաձայն գյուղի հողերը պետք է վերածվեն հանքերի:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքների, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Գյուղացիները այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կառավարությունը որոշել է իրենց զրկել իրենց միակ ապրուստից` հողագործությունից, անասնապահությունից, մեղվաբուծությունից: «Անգամ մեր ծնողների գերեզմաններն են ուզում քանդել», - վրդովված պատմում էին գյուղացիները:

Նինա Անդրեասյանը ասում էր, որ ոչ միայն առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու իրենց հողերից են զրկում, այլեւ գյուղապետն է առանց իրենց կարծիքը հաշվելու հրաժարական տվել:

«Մեր ապրուստը, մեր ամեն ինչը այստեղից ենք ստանում, մեր տունը, մեր տեղը այստեղ է», - ասում էր Անդրեասյանը:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նույնպես դեմ է գյուղի համայնքային հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին հանձնելուն եւ, հրաժարվելով ստորագրել հողերի հանձնման մասին փաստաթուղթը, հինգշաբթի օրը հրաժարական էր տվել: Նա նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս իշխող Հանրապետական կուսակցությունից:

Քաջարան գյուղի բուժքույր Գոհար Ջհանգիրյանը խիստ վրդովված էր, որ կառավարության որոշման արդյունքում իր ընտանիքը ոչ միայն զրկվելու մշակովի հողատարածքնից, այլեւ սկեսրոջ գերեզմանից: Ջհանգիրյանը ասում էր, որ սկեսուրը մահացել է մեկ տարի առաջ, գերեզմանը նոր են կառուցել, 1.5 միլիոն դրամ են ծախսել, իսկ հիմա դա էլ են ուզում քանդել:

«Ի՞նչ պիտի անենք մենք, գնա՞նք քաղաք, կարո՞ղ ենք այնտեղ ապրել, չենք կարո'ղ: Ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, մեզ հետ ոչ մեկը հաշվի չի նստել, մեր կարծիքը ոչ մեկը չի հարցնում, իրենք են որոշում ու հիմա էլ այս վիճակն է, ամբողջ ժողովուրդը խառնված է իրար», - ասաց գյուղի բուժքույրը:

Ի դեպ, Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե Սյունիքի մարզպետը ստիպել է իրեն հրաժարական տալ: Նրա փոխանցմամբ` դա իր անձնական որոշումն է եղել, ավելին, ըստ նախկին գյուղապետի, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեմ է եղել իր հրաժարականին, անգամ մեկ օր ժամանակ է տվել, ասել է` գնա, մտածի:

«Խորհրդակցության ժամանակ, ես պետք է ստորագրեի պայմանագիրը, չեմ ստորագրել, հրաժարականի դիմումս գրել եմ, պարոն մարզպետը ինձ մի օր ժամանակ է տվել, ասել է` ես քո դիմումը չեմ մակագրում, գնացեք մտածեք: Մի օրից հետո ես ամբողջ գիշեր վերլուծել եմ, տեսել եմ, որ իրականությունը այնպիսին է, որ ես պետք է հրաժարական տամ,: Ես իմ հողն ու ջուրը ոչ մեկին չեմ տա, ես իմ գյուղում եմ, ես ապրելու եմ այստեղ, մեռնելու եմ այստեղ, իմ երեխաները այստեղ են, տեղ չունեմ գնալու», - ասաց Աթայանը:

Մինչ Քաջարանի գյուղացիները սպասում էին, որ կառավարությունից իրենց գյուղ մարդ է գալու, Երեւանում կառավարության շենքի դիմաց Քաջարանի գյուղացիներին ցույցի միջոցով իրենց աջակցությունն էին ցույց տալիս մի խումբ բնապահպաններ:

Վաղը մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են ուղեւորվել Քաջարան գյուղ` տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ցուցարարները, որոնց մեջ էին նաեւ Թռչկանի ջրվեժի ակտիվիստները, չբացառեցին, որ կարող է մի նստացույց էլ Քաջարանում կազմակերպեն: Եղիա Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները իրենցից ուղղակի օգնություն են խնդրել:

«Մենք գնում ենք Քաջարան, որովհետեւ չենք հավատում, որ այսօր Հայաստանում դիրքերը մինչեւ վերջ պահողներ կան: Ճիշտ է` այս դեպքը բացառություն է, որ ամբողջ գյուղը ոտքի է կանգնել ու պայքարում է ու շատ լավ է, դա ինչ-որ տեղ մեզ ներշնչում է, չնայած իրենք երկու անգամ մեզ զանգել են, դիմել են, ասում են եկեք, օգնեք մեզ: Այսինքն մարդիկ այդ օգնության կարիքը ունեն», - ասաց Ներսիսյանը:

Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը իսկապես Սյունիքի մարզում է, բայց նա Քաջարան չի մեկին: Փոխարենը գյուղացիներին կհանդիպի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG