Մատչելիության հղումներ

Սոցապ համակարգում այս տարի տնտեսվել է 5 մլրդ դրամ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովում:

Հայաստանի սոցիալական ապահովության պետական համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում 2011-ին տնտեսվել է ավելի քան 5 միլիարդ դրամ:

«Մենք բացահատեցինք հին համակարգի թերությունները, առաջին հերթին` հաշվառման ոլորտում, եւ այն ծրագիրը, որ նախարարությունը այս տարվա ընթացքում ներդրել է եւ որը լիակատար կաշխատի 2012 թվականից, մեզ հնարավորություն է տվել 2011 թվականին տնտեսել մի քանի միլիարդ դրամ: Քանի որ, մի կողմից, էապես նվազել են կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից` այսուհետեւ նոր ծրագրի շնորհիվ բացառվելու են կրկնահաշվարկները, եւ այն թերությունները, որոնք առկա էին հին համակարգում, այլեւս չեն լինելու: Եվ մենք համոզված ենք, որ 2012-13-ին դուք ականատեսը կլինեք, որ կենսաթոշակային բարեփոխումները տալիս են խիստ դրական արդյունքներ», - ուրբաթ օրը Երեւանում տեղի ունեցած Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Վերահսկիչ պալատը բազմաթիվ լուրջ խախտումներ բացահայտեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ինչից հետո 2010-ի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվեց ծառայության պետի պաշտոնից։

Վերջինս, ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել, որ իր պաշտոնանկության հարցը կարող է կապված լինել ծառայությունում բացահայտված խախտումների հետ: Այդուհանդերձ, հարուցված քրեական գործով Վազգեն Խաչիկյանին մինչեւ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունն արդեն մոտ մեկ տարի գլխավորող Արտեմ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանումներ տվեց գալիք հունվարի 1-ից գործել սկսող ծրագրի մասին. - «Խոսքը վերաբերում է նոր կենտրոնացված կենսաթոշակային տեղեկատվական համակարգին, որը մեկ հենքի վրա, մեկ բազայում ներառելու է հանրապետության բոլոր կենսաթոշակառուների տվյալները»:

Նրա խոսքով, չարաշահումները բացառվելու են. - «Քանի որ համակարգը աշխատելու է տարբեր տեղեկատվական համակարգերի հետ, այն համակարգերի, որտեղ ներառվում են, ասենք, մահերի վերաբերյալ տեղեկատվությունը, հանրապետություն մուտք եւ ելքի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվանդամների վերաբերյալ տեղեկատվությունը»:

Իսկ արդեն 2014 թվականի հունվարի 1-ից, ինչպես հայտնի է, Հայաստանում սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Համաժողովին ունեցած իր այսօրվա ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը մանրամասնեց, որ նոր համակարգն ունենալու երեք բաղադրիչ: Առաջին` պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, երկրորդ` պարտադիր կուտակային բաղադրիչ` քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը, եւ երրորդ` կամավոր կուտակային բաղադրիչ` ըստ քաղաքացիների հայեցողության: Համակարգը պարտադիր է լինելու միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար:

Վարչապետը հավելեց. - «Մեր բարեփոխումները հիմնված են այն սկզբունքի վրա, որ մենք փոխում ենք քաղաքացիների մտածողությունը եւ նրանց մոտիվացիան: Այսուհետեւ աշխատող քաղաքացին գիտակցում է, որ ինքն է պատասխանատու իր ապահով ծերության համար եւ այսօրվանից գործողություններ է կատարում այդ ուղղությամբ: Առաջինը, նա պարտավոր է ընտրել այն հիմնադրամը, որտեղ ցանկանում է կուտակել իր միջոցները: Եվ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվելու է մի հզոր բանակ` մտածող, հաշվարկող, կանխատեսող մարդկանց, որոնք լինելու են խստապահանջ ինվեստիցիոն հիմնադրամների նկատմամբ, խստապահանջ պետության նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG