Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի գործով առանցքային վկային չեն զորացրում


Բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյան
Բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյան

Տուժող կողմի պնդմամբ, այդ հանգամանքը խոչընդոտում է 30-ամյա զինծառայողի մահվան պատճառների բացահայտումը։

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը հայտարարում է, որ պաշտպանության նախարարը շահագրգռված չէ բացահայտել 30-ամյա զինծառայողի մահվան պատճառները։

Տուժող կողմի ներկայացուցիչներն ու այս գործով մեղադրյալներից մեկի՝ Հակոբ Մանուկյանի փաստաբանն այսօր ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ հայտարարություն տարածեցին, որում անդրադառնում են այս գործով տեղի ունեցած նախաքննական ու դատավարական խախտումներին։

Նրանց պնդմամբ, խախտումներից մեկը վերաբերում է այս գործով առանցքային վկայի՝ Արման Մնացականյանի զորացրմանը։ Նրա ծառայության ժամկետը լրացել է այս տարվա դեկտեմբերի 4-ին, սակայն Մնացականյանը դեռեւս չի զորացրվել։ Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը պնդում է, որ քանի դեռ վկան գտնվում է ռազմական ոստիկանությունում, իրականությունը չի ասի։ Տուժող կողմը պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել է այս հարցը եւ ստացել աջակցության խոստումներ, սակայն մինչ օրս վկան գտնվում է ռազմական ոստիկանությունում։ Իսկ այն հանգամանքը, որ Արման Մնացականյանը դեռեւս չի զորացրվել, պաշտպանին հիմք է տալիս պնդելու, որ պաշտպանության նախարարը շահագրգռված չէ բացահայտել Արտակ Նազարյանի մահվան պատճառները։

Նույն կարծիքին է նաեւ գործով մեղադրյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանը։

«Վկային անօրինական կարգով զինվորական ոստիկանությունում պահելով ոչ միայն խոչընդոտվում է քրեական գործի լրիվության ու բազմակողմանիության ապահովումը, այլեւ խոչընդոտում է իմ պաշտպանյալին եւ մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի բուն էությունը բացահայտելու եւ պարզելու նրանց մեղավորությունը տվյալ քրեական գործում եւ մեղսագրվող արարքի մեջ», - հայտարարեց Հրանտ Գեւորգյանը։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Արման Մնացականյանի զորացրման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ օրենքի սահմաններում, մասնավորապես, պայմանավորված նոր զորակոչի համալրմամբ։ Կարապետյանը մանրամասներ չհաղորդեց։


please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG