Մատչելիության հղումներ

Խորհրդարանի փոխխոսնակը բացառում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում:

Հայ ազգային կոնգրեսը պատրաստակամություն է հայտնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելու շուրջ համագործակցել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ` կարծելով, որ այդպիսի պլատֆորմը օրենսդրական փոփոխությունների տեսքով հնարավոր կլինի քննարկման դնել նաեւ Ազգային ժողովում:

Ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսում են նաեւ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները, սակայն նրանք, ինչպես պարզվում է, պատրաստ չեն նման համագործակցության:

ՀՀԿ-ի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում. - «Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը հիմնականում արդեն բարեփոխված է…Ես գործնականում բացառում եմ»:

Նա հավելեց, թե Հանրապետական կուսակցությունը «ինքնանպատակ քայլեր չի անում». - «Հանրապետական կուսակցությունը իր քսանամյա պատմության ընթացքում ոչ մի քայլ ինքնանպատակ չի արել եւ որեւէ քայլ չի արել, որը առաջին հերթին միտված է եղել իր քաղաքական PR-ի համար, էլ չեմ ասում` այլ քաղաքական ուժերի PR-ի ապահովման համար»:

Շարմազանովը համոզված է, որ այն ամենը, ինչ հարկավոր է երկրում լավ ընտրություններ անցկացնելու համար, իշխանությունը ունի` «օրենսդրական բարեփոխումներ» եւ «քաղաքական կամք». - «Օրենսդարական բարեփոխումները մենք արել ենք. Ընտրական օրենսգիրք է ընդունվել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ երկրորդը` քաղաքական կամք է պետք, որը մենք ունենք»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ի եւ ավելի վաղ «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացրած առաջարկները (մատների թանաքոտում, ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում) չընդգրկվեցին Ընտրական օրենսգրքում, Շարմազանովը արձագանքեց. - «Մենք չենք ընդգրկել որոշ առաջարկներ, բայց ընդգրկել ենք նաեւ որոշ առաջարկներ: Մենք լսել ենք առաջարկները: Այն առաջարկները, որոնք մենք գտել ենք, որ դրանք անհրաժեշտ են այսօր ներառված լինել Ընտրական օրենսգրքում, մենք ներառել ենք: Եվ այսօր շատ ավելի լավ կլինի, եթե այն մարդիկ, ովքեր այսօր առաջարկներ են անում, այն ժամանակ մասնակցեին Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքներին եւ գուցե այն ժամանակ իրենց առաջարկների մի մասը ընդգրկվեր»:

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»)

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ, այո, իրենք կողմ են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, բայց ինքը ռեալ չի համարում իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացին:

«Ես ամաչում եմ, բայց, այո, ռեալ չեմ համարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բոստանջյանը` շարունակելով. - «Ի՞նչ է նշանակում պլատֆորմ ձեւավորել… Ձեւավորել ենք այդ պլատֆորմը` ո՞վ պետք է ընդունի այդ պլատֆորմը, ո՞ր ժամանակի համար… Հասկանում ենք, որ սա իրատեսական չէ: Ուրիշ բան, որ շատ ժամանակ ունենայինք ու զբաղված չլինեինք, որպեսզի չնեղացնեինք մարդկանց, իբր ձեւացնենք, որ միանում ենք: Բայց ես միանալու ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հարցին, թե այնուամենայնիվ ընդդիմադիր ուժերի կողմից հարցը խորհրդարան բերվելու դեպքում ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան»-ի տեսակետը, Բոստանջյանը արձագանքեց. - «Խորապես համոզված եմ, որ գրեթե անիրատեսական գործ է այս պարագայում մտածել, որ մինչեւ ընտրությունները կարելի է նաեւ օրենքով ընդունել նոր Ընտրական օրենսգիրք: Ակնհայտ է, որ դա չի կարող լինել, բայց դա որեւէ նշանակություն չունի: Ես հասկանում եմ, որ քաղաքական այս ուժը, ընդդիմադիր ուժերի հետ միասին, այսպես համառ ու հետեւողականորեն աշխատեն… Ի՞նչ կարեւոր է, որ 2012 թվականի համար: Միգուցե հետագայի համար ձեւավորեն նոր մոտեցումներ: Նոր խորհրդարանը կարող է մեծ ուշադրություն դարձնել այդպիսի օրենսգրքի վրա»:

Բոստանջյանին «հետաքրքիր է» որակեց ընդդիմադիր ուժերի կողմից միասնական ճակատ ստեղծելու հեռանկարը. - «Խնդրեմ, թող միանան, շատ հետաքրքիր կլինի: Եվ թող իրենք իրենց մոտեցումներով ձեւավորեն այդ պլատֆորմը, եւ գոյություն ունեցող Ընտրական օրենսգիրքը այս ձեւավորված պլատֆորմի համեմատ ներկայանա բավականաչափ խոցելի»:

Նույն հարցի վերաբերյալ Շարմազանով ասաց. - «Դա ընդդիմության գործն է: Կարող են ստեղծել միասնական ճակատ: Մենք կուսակցություն ենք, որը ոչ թե ընդդեմ է պայքարում, այլ հանուն է պայքարում: Մեր տարբերությունը դա է` մենք պայքարում ենք հանուն Հայաստանի հզորացման, ժողովրդավարացման»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG