Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 16-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագրականը գնահատում է Քաջարանի գյուղապետի քաղաքացիական կեցվածքը. - «Իշխող կուսակցությունից` ՀՀԿ-ից դուրս գալու եւ հանուն հարազատ գյուղի առջեւ ծառացած հիմնահարցի լուծման համայնքի ղեկավարի պաշտոնը թողնելու` Քաջարանի գյուղապետի քայլը հայաստանյան իրողությունների համատեքստում զարմանալի է, խորթ ու անհասկանալի: Համատարած չինովնիկականության (բառի վատագույն իմաստով), հարմարվողականության ու անդեմության պայմաններում սա կառավարման ոլորտում ինքնուրույնության, քաղաքացիական կեցվածքի եզակի դրսեւորում է, ընդհանուր հոսանքին, երեսպաշտությանը դեմ գնալու, ցավոք, կորսվող որակի հազվադեպ արտահայտություն: Քաջարանի գյուղապետի քայլը հիշեցնում է, որ հայրենասիրությունն սկսվում է ոչ թե լոզունգներից, այլ սեփական բարեկեցությունը անհրաժեշտության դեպքում հանրության շահերին զոհելու, արմատներին, հող ու ջրին չդավաճանելու կարողությունից»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ արդեն իսկ ուրվագծվում է այն «գործիքակազմը», որով Սերժ Սարգսյանը փորձում է վերարտադրվել: Նա փաստորեն առաջին անգամ է ինքնուրույն ընտրություններ կազմակերպելու, եւ նկատելի է, որ նրա եւ Ռոբերտ Քոչարյանի «աշխատաոճերի» մեջ էական տարբերություններ կան: Առաջին եւ կարեւորագույն տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը սեփական իշխանության վերարտադրման հարցում նախապատվությունը տալիս էր կոպիտ ուժին, փողի զորությանը եւ կրիմինալ կառույցներին, իսկ Սերժ Սարգսյանը գերադասում է հենվել լեգալ համակարգերի, ավելի կոնկրետ` ուժային կառույցների վրա: Ռոբերտ Քոչարյանի օրոք, եթե հիշում եք, ոստիկանությունը դարձավ ինչ-որ երկրորդական կառույց, զրկվեց նախարարության կարգավիճակից, իսկ ինչ-որ պահի նույնիսկ այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ կրիմինալ հեղինակություններն էին համակարգում ոստիկանության գործողությունները: Սերժ Սարգսյանը կարծես թե հակառակն է անում` փորձում է ոստիկանությունը դարձնել իր հիմնական զենքն ու քաղաքական հենարանը»:

«Ժամանակ» թերթի ուշադրության կենտրոնում եւս ներքաղաքական հարցերն են. - «Գուցե դեռեւս շանս կա, որ ԲՀԿ-ն գլխավորի այնպիսի մեկը, որը կարողանա այդ կուսակցությունը դուրս բերել ՀՀԿ ոտքերի տակից։ Շատերը, հավանաբար, նկատի կունենան Ռոբերտ Քոչարյանին։ Ինչո՞ւ ոչ։ Նախ` այդպես Քոչարյանը դուրս կգա ստվերից եւ կհայտնվի հասարակության աչքի առաջ, եւ այդժամ թող անի` ինչ կարող է, ոչ թե ստվերից, ինտրիգներով եւ խարդավանքներով, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ընդհանուր քաղաքական պրոցեսների համար։ Գագիկ Ծառուկյանին մնում է իր սխալն ուղղելու երեւի թե այդ մի տարբերակը, այլապես իշխանության վերարտադրության հերթական ակտի գլխավոր պատասխանատուն բարոյահոգեբանական առումով այս անգամ դառնում է նա։ 2008 թվականին այդ պատասխանատուն դարձավ Արթուր Բաղդասարյանը»։

Գնահատելով ընդդիմադիր ուժերի գործունեությունը` իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Վերջին չորս տարիների համար, որքան էլ տարօրինակ հնչի, նաեւ ՀԱԿ-ի գոյությունն էր անհրաժեշտություն: ՀԱԿ-ի գործունեությամբ ու արդյունքներով որոշակի աշխարհաքաղաքական ուժեր համոզվեցին, որ հայ ազգի խնդիրները ուրիշ են, եւ ժողովրդի մեծամասնությունը թույլ չի տա, որ Հայաստանը թավշյա գունավորումներով «հեղափոխությունների» ճանապարհով ընթանա: Մեր ժողովուրդը հասկացավ, թե ով է իրական ընդդիմությունը, համոզվեց, որ փողոցում հայհոյող տղաներից բարեկրթություն սպասել չի կարելի, որ հայհոյելն ընդդիմություն չէ: Այսօր իշխանություններին, ե՛ւ քաղաքական, ե՛ւ սոցիալական ու տնտեսական ոլորտներ կատարած աշխատանքի համար ամենասարսափելի կերպով «հայհոյում», այսինքն` քննադատում է Դաշնակցությունը, բայց այդ քննադատական տարափի տակ մենք կարողանում ենք նաեւ համագործակցաբար ազգային-պետական խնդիրներ լուծել, համատեղ օրենքներ ընդունել: Դաշնակցությունը, իր ռազմավարությանը հատուկ ձեւով, նույնիսկ կառավարության հրաժարականը պահանջեց եւ այս մոտեցումը հասկանալի էր: «Անհասկանալի» էր, երբ արդեն ընթացող պայքարին միջամտեց «Ժառանգությունը», ուստի նաեւ բնական էր, որ խայտառակեց իրեն, քանի որ իր շահարկումներով միայն ջուր պղտորեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG