Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ


Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) պարգեւ է հանձնում Հենրիխ Մխիթարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) պարգեւ է հանձնում Հենրիխ Մխիթարյանին

Հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որի ընթացքում շնորհվեցին նաեւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի երեք մրցանակները:

Լավագույնը ճանաչվեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մրցանակաբաշխությունից րոպեներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր համար այս անվանակարգի այս տարվա հաղթողը ամբողջ հավաքականն է:

Հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդ մրցանակը ստացավ դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հայաստանի հավաքականի փորձառու դարպասապահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց իր բոլոր երկրպագուներին, ովքեր Իռլանդիայի հետ խաղից հետո սոցիալական ցանցերում հազարով խնդրանքներ էին ուղղել իրեն` չհեռանալ Հայաստանի հավաքականից: Ռոման Բերեզովսկին ասաց, որ թեեւ շատ էր հուսալքվել կարմիր քարտ ստանալուց հետո, սակայն երկրպագուների կոչերը իրեն իսկապես ոգեւորել են, եւ պատրաստ է ուժերի ներածին չափով խաղալ Հայաստանի թիմում:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Մեծարման երեկոյին մասնակցում էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ ուրիշներ: Հյուրերը հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին դահլիճ մտնող ֆուտբոլիստներին: Վարդան Մինասյանը նախագահին նվիրեց հավաքականի մարզաշապիկ, որի վրա գրված էր Սարգսյան ազգանունը, ինչպես նաեւ գնդակ` ֆուտբոլիստների ստորագրություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG