Մատչելիության հղումներ

ԼՂ կառավարությունը ավելացրել է վերաբնակեցման ծրագրերի ֆինանսավորումը


Վերաբնակիչների ընտանիք` Ղարաբաղում, արխիվ

Վերաբնակիչների ընտանիք` Ղարաբաղում, արխիվ

Կառավարությունը պատրաստ է 2012 թվականին շուրջ 250 ընտանիք վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղում:

Հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախատեսում է մոտ 40 տոկոսով ավելացրել է վերաբնակեցման ծրագրերի ֆինանսավորումը:

Հատկացված գումարների շրջանակներում վերաբնակ ընտանիքներին կհատկացվի բնակարան, կամ կկառուցվի նորը, այն կապահովվի ենթակառուցվածքներով, կտրամադրվի անտոկոս վարկ:

Սոցիալական ապահովության նախարարության տվյալներով, 2009-2011 թվականներին Ղարաբաղում վերաբնակեցվել է մոտ 641 ընտանիք:

ԼՂ կառավարությունը երբեք չի նշում, թե զինադադարի կնքումից` 1994 թվականից մինչ օրս քանի ընտանիք է վերաբնակեցվել Լեռնային Ղարաբաղում: Հայտնի է, սակայն, որ վերաբնակիչներից շատերը չէին հարմարվում նոր պայմաններին եւ հեռանում էին:

«90-ական թվականներին Քաշաթաղում վերաբնակեցում էին իրականացնում. մենք գիտենք ինչպիսի պայմաններ էին ստեղծում: Եվ մարդիկ մի քանի տարի հետո ստիպված թողնում-լքում էին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհեց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ այսօր վերաբնակիչներին աջակցելու համար կառավարությունը որոշակի չափանիշներ է դնում. - «Ապահովել առկա բնակչությանը աշխատանքով, նվազագույն բնակարանային պայմաններով, ունենալ ենթակառուցվածքներ, առաջին հերթին` էլեկտրաֆիկացում»:

Արա Հարությունյանը վստահեցնում է, որ Ղարաբաղ տեղափոխվել ցանկացողների թիվը մեծ է, սակայն կառավարությունը ի վիճակի է ընդունել միայն սահմանափակ թվով մարդկանց: Վարչապետի խոսքով, ամեն մի ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է մոտ 100 հազար դոլար:

«Եթե մենք ուզում ենք տարեկան վերաբնակեցնել 1000 մարդ, մենք պետք է տարեկան ներդնենք նվազագույնը 5 միլիարդ դրամ: Մեր պետական բյուջեն ի վիճակի չէ իրականացնել նման ծրագրեր», - փաստեց Արա Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերաբնակիչները խոստովանեցին, որ չնայած դանդաղ տեմպերով, բայց գնալով իրենց ապրելու պայմանները ավելի բարեկեցիկ են դառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG