Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանում տեղական եղեւնի կամ ավելի ճիշտ սոճի` զարդարվել է միայն Հանրապետության Հրապարակում: Հայաստանի գլխավոր անտառապետը Ռուբեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գլխավոր եղեւնու մաս կազմող հայաստանյան սոճու մի քանի հազար ճյուղերից բացի ոչ մայրաքաղաքում, ոչ էլ հանրապետության մյուս վայրերում հատված եւ վաճառքի հանված մշտադալարներ չկան:

«Այս տարի մենք 6000 հատ ճյուղ Հրազդանի անտառտնտեսությունից տվեցինք Հանրապետության հրապարակի տոնածառի համար: Ճյուղեր, ոչ թե ծառ ենք կտրել», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանում բնական սոճուտները 1500 հա են, իսկ արհեստականները 17 700 հա, որ դեռ խորհրդային տարիներից են մնացել: Երկրի անտառային տարածքները վերահսկովում են գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների կողմից: 2003 թվականից էլ ծառահատումները ապօրինի են համարվում, եւ ըստ անտառապետի` օրենքի ընդունումից հետո ծառահատման դեպքերը եզակի եւ հազվագյուտ են դարձել:

«Մեր տարածքներում, նաեւ իմ տեղեկություններով բնապահպանության նախարարության տարածքներում սոճու հատումներ (մեզ մոտ բնական եղեւնիներ չկան), Նոր տարվա հետ կապված չկա: Հատուկենտ միշտ էլ կարող է լինել, այսինքն ինչ-որ մեկը ինչ-որ մի ծառ կտրի, բայց դա որակ չէ, քանակ չէ», - ասաց Պետրոսյանը:

Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումներն արգելված են, հետեւաբար` պատժելի:

Բնական եղեւնիների բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ հայաստանցիների տանը արդեն 8 տարի է միայն եվրոպական եղեւնիներն են զարդարում, թեեւ բիզնեսի տեսակետից դա այնքան էլ ձեռնտու չի: Վաճառողների խոսքերով` բնական եղեւնիների գները տատանվում են 35-60 հազար դրամի սահմաններում:

«Եղեւնիները բերվել են Գերմանիայից, որ բերել ենք, մաքսազերծել ենք, քաղաքապետարանի թույլտվությունը ստացել ենք: Եղեւնին այնտեղից գնել ենք 20-25 դոլարով, բերելով-տեղափոխելով վրեքներս նստել է մոտավորապես 35-40 հազար դրամ», - ասաց Երեւանում եղեւնի վաճառողներից մեկը:

Մեկ այլ վաճառող էլ տեղեկացրեց, որ մինչեւ Ամանոր մոտ 150 եղեւնին են վաճառում:

Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում 37 տեղ է հատկացրել եղեւնիների վաճառքի համար: Այս տարի Ամանորի խորհրդանիշը բանուկ փողոցներում չի վաճառվի, որպեսզի տրանսպորտային խցանումներ չառաջանան: Նոր Տարուց երկու շաբաթ առաջ դրանց գները հասնում են մի քանի տասնյակ հազարների: Թվում է ` մատչելի չէ, բայց արի ու տես` վաճառողները պնդում են, որ մինչ դեկտեմբերի 31-ը մի քանի տասնյակի եւ նույնիսկ հարյուրի հասնող եղեւնիները գտնում են իրենց տերերին:

Մինչդեռ եղեւնիների վաճառքի կետերում «Ազատություն» ռադիոկայանին հանդիպած երեւանցիներն ասացին, որ 40 հազար դրամը չափազանց մեծ գումար է իրենց համար: Շատերը սպասելու են վերջին օրերի զեղչերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG