Մատչելիության հղումներ

Երեւանում Դովլաթով են բեմադրել


Սերգեյ Դովլաթովը Նյու Յորքում: Հուլիս, 1989 թ.

Սերգեյ Դովլաթովը Նյու Յորքում: Հուլիս, 1989 թ.

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հինգշաբթի օրը տեղի կունենա 20-րդ դարի ռուս արձակի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Աբանամատ. ժամանակին մենք ապրել ենք սարերում» ներկայացման պրեմիերան:

Բեմադրության հեղինակներն են թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը եւ Կոնստանտին Բալայանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Գրիգորյանը փոխանցեց, որ ներկայացման մեջ զբաղված է գրեթե ողջ թատերախումբը` 67 հոգի: Գրողի կերպարը մարմնավորել է թատրոնի տնօրեն, դերասան Ֆրեդ Դավթյանը:

«Ես 30 տարի թատրոնում որպես դերասան աշխատում եմ. դա իմ ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկն է: Որովհետեւ մեր հայ հանդիսատեսը շատ քիչ գիտի Դովլաթովին… Ուստի մենք որոշեցինք եւ թատրոնում ծնվեց եւ ստեղծվեց այդ բեմականացումը նրա պատմվածքներից, նոթատետրերից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավթյանը:

«Մեր խնդիրն էր` հնարավորինս հետեւել այդ մարդու` Դովլաթովի կյանքի ընթացքին, որն այդպես էլ նրան հարազատ տուն չբերեց: Հարկադրաբար արտագաղթելով Սովետական Միությունից, որտեղ թե’ գրական, թե’ քաղաքական, թե’ քաղաքացիական ու անձնական առումով նա այդպես էլ իր տեղը չգտավ` Միացյալ Նահանգներում էլ էր նա իրեն օտար զգում, թեեւ հրատարակվում էր անընդմեջ», - ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:

Հոր կողմից հրեական, մոր կողմից հայկական արմատներ ունեցող Սերգեյ Դովլաթովը այսօր Ռուսաստանում ամենակարդացվող հեղինակներից է, իսկ կյանքի օրոք ոչ մի գիրք չէր կարողացել հրատարակել ԽՍՀՄ-ում: Ապրել է Լենինգրադում, Տալլիննում, 1970-ականների վերջին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մահացել է 1990 թվականին: Միացյալ Նահանգներում հրատարակել է մեկ տասնյակից ավելի գրքեր` անգլերեն թարգմանությամբ:

Նա երկրորդն էր ռուս հեղինակներից (Վլադիմիր Նաբոկովից հետո), ում ստեղծագործությունները տպագրվել են ամերիկյան ամենահեղինակավոր «Նյույորքեր» գրական ամսագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG