Մատչելիության հղումներ

Ամերիկան ավարտում է Իրաքի պատերազմը


Ամերիկան ավարտում է Իրաքի պատերազմը
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00
Ուղիղ հղում

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը Բաղդադում պաշտոնապես փակեց իր ռազմակայանը։ Ամերիկյան զինուժի դրոշի իջեցումն ազդարարեց գրեթե 9 տարի տեւած պատերազմի ավարտը։

2003 թվականի մարտից սկսված պատերազմում զոհվել է մոտ 4500 ամերիկացի զինվոր, իրաքցիների կորուստը ավելի քան 100 հազար է, իսկ տեղահանվածների թիվը` մոտ 1 միլիոն 750 հազար։

Երեկվա արարողության ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան ասել է, որ պատերազմի տարիներին Իրաքի ժողովուրդը եւ ամերիկացի զինվորները շատ արյուն են թափել, սակայն այսօր իրականություն է դարձել սեփական անվտանգությունը երաշխավորող Իրաքի կայացումը։

«Մարտահրավերները պահպանվում են, բայց Միացյալ Նահանգները միշտ կանգնած կմնա Իրաքի ժողովրդի կողքին եւ կօգնի հզոր ու բարգավաճ պետություն կառուցելու հարցում», - ասել է նախարարը։

Ամերիկացի վերջին հազար զինվորի դուրսբերումը նախատեսված է մինչեւ այս տարեվերջ։

Դրանից հետո Իրաքում կմնա ամերիկյան մոտ 200-հոգանոց ստորաբաժանում, որը կստանձնի Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտպանությունը։ Բացի այդ, Իրաքում մոտ 700 ամերիկացի քաղաքացիական ծառայողներ իրաքյան ուժերին պետք է սովորեցնեն աշխատել ԱՄՆ-ից ուղարկված նոր զինատեսակների` Ֆ-16 օդանավերի եւ «Աբրամս» տանկերի հետ։

Պատերազմի առավել թեժ շրջանում Միացյալ Նահանգները Իրաքում տեղակայել է մոտ 165 հազար զինծառայող։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կարոլինայում` «Ֆորթ Բրագ» ռազմակայանում ողջունել է տուն վերադարձող զինվորներին։

«Որպես ձեր գերագույն հրամանատար` ես երախտապարտ ժողովրդի անունից հպարտությամբ ասում եմ այս երկու բառը, համոզված լինելով, որ ձեր ընտանիքներն էլ են ինձ միանում` բարի վերադարձ, բարի վերադարձ, բարի վերադարձ», - «Ֆորթ Բրագ»-ում ասել է նախագահը։

Հայաստանը 2005 թվականին միացել է Իրաքում տեղակայված կոալիցիային։ Դիվանյա շրջանում լեհերի հետ համատեղ ծառայել է մոտ 50 մարդ` սակրավորներ, ռազմական բժիշկներ եւ մարտական գործողություններին չմասնակցող այլ մասնագետներ։

Հայերը 2008-ին լեհերի հետ միասին դուրս են բերվել Իրաքից։ Հայ զինվոր Իրաքում չի զոհվել, սակայն վնասվածք ստացած լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի ոտքը անդամահատել են։

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իրաքյան առաքելության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG