Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն եւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը հաշտվեցին


Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրը ավարտվեց «Արմավիա»-ն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գործով դատավարությունը:

Կողմերը հաշտության համաձայնության եկան. «Չորրորդ ինքնիշխանություն»-ը պարտավորվեց հերքում տպագրել, իսկ «Արմավիա» ընկերությունը հրաժարվեց զրպարտության, գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում 2 միլիոն դրամի պահանջից:

Թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ միեւնույն է չեն ընդունում, որ զրպարտել են ազգային ավիափոխադրող ընկերությանը:

«Մենք գնացինք դատական նիստի, որպեսզի հասարակությունը, լրատվամիջոցները իրականում հասկանան, թե որն է խնդիրը, եւ, ըստ էության, դատական նիստերի ժամանակ պարզվեց այն իրողությունը, ինչ-որ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը պնդում էր` որ մենք բարեխիղճ, բառացի վերարտադրություն ենք արել, եւ Բաղդասարովի հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության» ի սկզբանե անհեթեթ է եղել: Մենք հիմա էլ պնդում ենք, որ իրենց պահանջը անհեթեթ է եղել: Երկու անգամ հերքված բանը եթե մարդիկ ուզում են երրորդ անգամ հերքել, իրենց են դնում անհեթեթ վիճակի մեջ»:

Հիշեցնենք, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը ««Արմավիա»-ն է զենք մատակարարել» վերնագրի ներքո, որում հղում կատարելով epress.am կայքին, գրել էր, թե Մոլդովայի ազգային բանակի հրամանատար Յուրի Դոմինիկը հայտարարել էր, որ զենք փոխադրելու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած ԻԼ-76 ինքնաթիռը պատկանում է Հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»:

«Արմավիա»-ն հայցում նշել էր, որ թերթը բարեխղճորեն չի արտատպել այս լուրը` փոխել է վերնագիրը եւ լուրի կողքին տպագրել է «Արմավիա» ընկերության տարբերանշանով ինքնաթիռի լուսանկար:

Ընկերության փաստաբանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

«Արմավիա»-ի առաջարկած հերքման տեքստում նշվում է, որ մամուլում հրապարակված հոդվածների, ինչպես նաեւ «Արմավիա» ընկերության ներկայացրած փաստերի ուսումնասիրությունից հետեւում է, որ թերթի հրապարակած տեղեկությունը «Արմավիա»-ի մասով չի համապատասխանում իրականությանը եւ «Արմավիա»-ն զենքի մատակարարման եւ տեղափոխման հետ որեւէ առնչություն չունի:

«Չորրորդ ինքնիշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանը համոզմունք հայտնեց, որ այս տեքստը նվաստացուցիչ չէ թերթի համար, բայց սրանով նաեւ չի վերականգնվում «Արմավիա»-ի գործարար համբավը:

«Այդ հրապարակումից «Արմավիա»-ի գործարար համբավը չի էլ տուժել: «Արմավիա»-ի գործարար համբավը տուժում է շատ ուրիշ բաներից` աննախադեպ թանկացումներ, վատ ծառայությունների մատուցում եւ այլն: Սա ընդամենը առիթ է եղել Բաղդասարովի համար «Չորրորդ ինքիշխանության» դեմ հայց ներկայացնելու: Երեւի մարդը կեսից հասկացավ, որ սխալ ճանապարհով է գնում եւ շատ շահեկան բան առաջարկվեց», - ասաց լրագրողը:

Այս գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 28-ին: Թերթը, արձակուրդից վերադառնալուց հետո, կտպագրի հերքումը:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG