Մատչելիության հղումներ

Կառավարությունը դեմ է ՊԱԿ-ի գործակալների գաղտնազերծմանը


Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ներկայացրած «Գաղտնազերծման մասին» օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագիծը ենթադրում է խորհրդային տարիներին պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ համագործակցած անձանց ցուցակների հրապարակում ու նրանց նկատմամբ մի շարք սահմանափակումների կիրառում:

Օրենսդրական նախաձեռնությունը կառավարության նիստում ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ չկա նման օրենքի անհրաժեշտություն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունից անկախանալիս ընդունել է, որ հանդիսանում է ՀԽՍՀ-ի իրավահաջորդը:

«Նախկին ԽՍՀՄ-ի այն հանրապետությունները, որոնք գնացին այս ճանապարհով (գաղտնազերծելու)` դրանք մերձբալթյան երկրներն էին եւ Վրաստանը, գտնում էին, որ իրենք բռնազավթված են եղել Խորհրդային Միության կողմից», - պարզաբանեց Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարարի գնահատմամբ, գաղտնազերծման մասին օրինագծի ընդունումը կարող է նաեւ հակասահմանադրական իրավիճակ առաջացնել` «որովհետեւ այն հետադարձ ուժ է տալիս եւ մարդկանց համար որոշակի սահմանափակումներ է նախատեսում, այն պարագայում, երբ այդ պահին, երբ այդ հարաբերությունները տեղի են ունեցել, որեւէ հակաիրավական իրավիճակ չի առաջացել»:

Ըստ Հրայր Թովմասյանի, ընտրովի պաշտոններ վարող անձանց համար նախատեսված սահմանափակումները նույնպես կարող են հակասել Սահմանադրությանը:

«Առկա են մի շարք օրենսդրական տեխնիկայի եւ այլ հակասություններ, եւ ելնելով վերոշարադրյալից` կառավարությունը դեմ է նման նախագծի ընդունմանը», - ասաց արդարադատության նախարարը:

Գաղտնազերծման մասին օրինագիծը հեղինակել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրենքի համահեղինակ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «մտահոգիչ» որակեց կառավարության այսօրվա որոշումը:

«Մտահոգիչ են կառավարության այս` կասեի քաղաքական որոշման հիմքում ընկած իրական դրդապատճառները, եւ համարում եմ, որ կառավարությունը պարզապես լեգիտիմ, օրինական է համարում ոչ միայն մինչեւ անկախացումը Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների, անկախության ջատագովների դեմ այդ գործակալների իրականացրած գործողությունները, այլ նաեւ լեգիտիմացնում է նրանց գործունեության հետագա շարունակությունը», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը` ընդգծելով, թե կասկած անգամ չունի, որ այդ նախկին գործակալներից շատերը այժմ էլ շարունակում են ծառայել «ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ նախկին Կենտրոնին»:

Այդուհանդերձ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հարցը փակված չի համարում:

«Աշխատելու ենք հասարակության հետ, ապահովելու ենք հասարակական ճնշում, եւ թող կառավարությունը պատասխան տա, թե ինչո՞ւ է պաշտպանում նախկին Խորհրդային Միության գործակալներին», - ասում է Ստյոպա Սաֆարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG