Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանը պատրաստվում է Իրանի շուրջ զարգացումներին»


S-300 հրթիռներ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում

S-300 հրթիռներ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում

«Ռուսաստանը ակտիվորեն պատրաստվում է Իրանի շուրջ զարգացումներին», - պնդում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա»-ն` գրելով, թե Կրեմլում արդեն իսկ հստակ տեղեկություններ կան առ այն, որ շատ շուտով Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածելու են Իրանին:

«Թեհրանի դեմ սպասվող գործողությունների հետեւանքով ռազմական ոլորտում Ռուսաստանի կորուստները նվազագույնին հասցնելուն ուղղված քայլերը Մոսկվան սկսել է մեկ տարի առաջ, եւ այժմ դրանք գրեթե ավարտին են հասցվել», - նշում է մոսկովյան պարբերականը` հատուկ ընդգծելով, որ աշխարհքաղաքական նոր իրավիճակում առանցքային ռազմավարական նշանակություն են ձեռք բերում Հայաստանն ու այստեղ տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:

«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 102-րդ ռազմակայանի օպտիմալացման աշխատանքները ավարտին են հասցվել: Ռուս զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան, իսկ Երեւանից ոչ հեռու տեղակայված ռուսական կայազորը կրճատվել է: Երեւանի մերձակայքում տեղակայված զորամասերը տեղափոխվել են Գյումրի` թուրքական սահմանի մոտ: Այս քայլը պատահական չէ, քանի որ Իրանում գտնվող նշանակետերին ամերիկացիները հարվածելու են հենց Թուրքիայի տարածքից», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` ընդգծելով, միաժամանակ, որ «առայժմ հստակ չէ, թե կոնկրետ ինչ խնդիրներ է լուծելու 102-րդ ռազմակայանը»:

Ընդհանուր առմամբ, սակայն, Գյումրիի ռազմակայանի վիճակը, ըստ պարբերականի, լրջորեն մտահոգում է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներին: «Այս ռազմակայանը Ռուսաստանի ֆորպոստն է Անդրկովկասում եւ կարեւորագույն աշխարհքաղաքական դիրք ունի: Կրեմլում, սակայն, մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է կորցնել այն, ինչը կատարյալ աղետ կլինի Մոսկվայի համար, եթե Իսրայելն ու Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմ սկսեն», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Թերթը, հիշեցնելով, որ Վրաստանը այլեւս թույլ չի տալիս իր տարածքով Գյումրիի ռազմակայանի մատակարարումներն իրականացնել, մեջբերում է գեներալ-լեյտենանատ Յուրի Նետկաչովի խոսքերը. - «Չեմ բացառում, որ ստիպված լինենք ճեղքել Վրաստանի կողմից իրականացվող շրջափակումն ու ռազմական միջոցներով ապահովենք Հայաստան տանող տրասնպորտային միջանցքների կենսագործունեությունը»։

Նետկաչովը, ի դեպ, նախկինում զբաղեցնում էր Անդրկովկասում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Մոսկովյան թերթը նաեւ գրում է, որ ռուսաստանյան իշխանությունների համար հստակ չէ, թե ճգնաժամի պարագայում ինչ դիրք կբռնի Ադրբեջանը։ «Ադրբեջանի հետ անմիջական սահմանին` Դաղստանում տեղակայված Կասպիական նավատորմիղը բերվել է մարտական պատրաստության վիճակի», - փոխանցում է պարբերականը։

Հիմնական մտավախությունները, սակայն, «Նեզավիսիմայա գազետա»-ի պնդմամբ, Ղարաբաղում հնարավոր զարգացումներին են վերաբերում:

«Ըստ ամենայնի, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում շատ լուրջ կասկածներ ունեն Ադրբեջանի պահվածքի հետ կապված: Այդ երկիրը վերջին երեք տարիներին կրկնապատկել է իր ռազմական բյուջեն, իսրայելական անօդաչու սարքեր է գնում` առաջացնելով Հայաստանի եւ Իրանի օրինական նյարդայնությունը», - «Նեզավիսիմայա գազետա»-ին է փոխանցել Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը: «Քիչ հավանական է, որ Բաքուն աջակցի հակաիրանական գործողություններին։ Շատ քիչ է նաեւ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն», - համոզված է ռուս փորձագետը:

Նրա հետ համաձայն չէ մեկ այլ մոսկվացի ռազմական վերլուծաբան Վլադիմիր Պոպովը, որի համոզմամբ` «ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ձգձգումը ոչնչով արդարացված չէ, ուստի Ադրբեջանի կանխարգելիչ հարվածները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ լիովին հնարավոր են»:

Այս պայմաններում, Պոպովի կարծիքով, կարեւոր է, թե ինչ քայլերի կգնա Ռուսաստանը:

«Եթե Իրանում ծավալված պատերազմի ֆոնին Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, հարձակվի Հայաստանի վրա, ապա այդ երկրի դեմ բոլոր օդային հարձակումները հայկական հակաօդային պաշտպանության ուժերը ետ են մղելու Ռուսաստանի հետ միասին: Արդյոք դա կընկալվի որպես մասնակցություն ռազմական գործողություններին` դժվար է ասել: Մի բան, սակայն, ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը չեն մասնակցի այն ռազմական գործողություններին, որ կարող են ծավալվել Լեռնային Ղարաբաղում: Բայց եթե բուն Հայաստանի համար Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքներ ծագեն, ապա Ռուսաստանի մասնակցությունը ցամաքային մարտերին, ըստ ամենայնի, հնարավոր է լինելու», - նշել է ռուս փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG