Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու` Ստեփան Հակոբյանի ձերբակալությունը կապված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործի հետ:

2006 թվականից հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ստեփան Հակոբյանը ձերբակալվել է չորեքշաբի երեկոյան Կիեւյան կամրջի մոտ: Նախնական տեղեկություններով նա եղել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով: Քրեական գործը հարուցված է շահադիտական դրդումներով, պատվերով, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության հատկանիշներով: Դեռեւս հայտնի չէ` Հակոբյանը դիտարկվում է որպես այս սպանությունը պատվիրո՞ղ, թե՞` իրականացնող: Ոստիկանությունից «Ազատություն» փոխանցեցին, որ մանրամասները քննության արդյունքում հայտնի կդառնան:

2006-ի հունիսի 22-ին նախկին թաղապետ Վահան Զատիկյանի 26-ամյա որդու սպանությունը այդ ժամանակ ամենաաղմկահարույց եւ ամենամութ գործերից էր: Ըստ ականատեսների` դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում: Արտասահմանյան մակնիշի մեքենայով հետապնդել էին Սեդրակ Զատիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ ինքնաձիգից կրակահերթ արձակել ավտոմեքենայի վրա: Զատիկյանը ծանր վիրավորվել էր եւ բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել: Նրան հետապնդող ավտոմեքենայից արձակված կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվել էր նաեւ պատահական անցորդ մի կին՝ 37-ամյա Կարինե Սարգսյանը, ով ապրում էր հարեւանությամբ եւ այդ պահին դուրս էր եկել «Արամե» խանութից մթերք գնելու:

Դեռ այն ժամանակ տարածքի բնակիչները ենթադրում էին, որ թաղապետի որդու սպանությունը կարող էր վրեժխնդրություն լինել` հիմնավորելով, որ դեպքից տարիներ առաջ սրտի կաթվածից մահացած Վահան Զատիկյանը «ժամանակին շատերից էր տեղանքում գտնվող խանութներ ու կրպակներ յուրացրել»:

Երեկ ձերբակալված Ստեփան Հակոբյանը փաստորեն 5 տարուց ավելի գտնվում էր հետախուզման մեջ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե՞ արդյոք նա այսքան տարի Հայաստանում չի եղել, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը պատասխանեց. - «Բռնվել է որպես հետախուզվող, արդեն քննությունը կպարզի` ոնց է եղել, որտեղ է եղել…»:

Ըստ ոստիկանության տեղեկատվության` չորեքշաբթի երեկոյան Ստեփան Հակոբյանի փաստացի բնակություն վայրում կատարվել է խուզարկություն եւ հայտնաբերվել է կանեփանման զանգված: Հակոբյանի հետ բերման են ենթարկվել եւս երկու հոգի, որոնց մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակը ուղարկվել է փորձաքննության:

Ստեփան Հակոբյանի հորեղբայրը` Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով կալանավորված, հետո համաներմամբ ազատ արձակված Հակոբ Հակոբյանը որեւէ կերպ չի մեկնաբանում եղբորորդու ձերբակալությունը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, նախկին պատգամավորի հարաբերությունները եղբոր` Սիմոն Հակոբյանի ընտանիքի հետ խիստ լարված են, եւ տարիներ շարունակ նրանց միջեւ որեւէ շփում չկա:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ում գլխավորած կառույցն է երեկ հայտնաբերել Ստեփան Հակոբյանին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքները նոր թափ են ստացել եւ առաջիկայում այլ գործերում էլ նոր բացահայտումներ կլինեն: Նրա խոսքով` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում նախկինում կատարված աղմկահարույց դեպքերի բացահայտումը:

«Եթե մարդը մարդ է սպանել, փախած է, դա նույնն է, որ այդ դեպքը չի բացահայտվել: Եթե տուժողի աչքերով ենք նայում, որի հարազատին սպանում են, ու սպանողը ազատության մեջ է, դա նույնն է, որ չի բացահայտվել: Ավելի լավ է` չիմանաս ով է, քան թե իմանաս ով է, բայց ինքը ազատության մեջ է», - ասաց Կարապետյանը:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը փոխանցեց, որ 2009-ի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործի բացահայտման ուղղությամբ աշխատանքներին եւս նոր թափ է հաղորդվել: Ինչպես հայտնի է, հատուկ օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել:

«Նախկին տարիներին, թե ներկայումս արձանագրած առանձնապես ծանր հանցագործության դեպքերով կատարված աշխատանքները ամեն օր նախարարին զեկուցվում են», - ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարված եւ նրանց կողոպտած բանդայի գործը, որը այս տարվա սեպտեմբերի 23-ին վնասազերծվեց եւ շուրջ մեկ տասնյակ մարդ ձերբակալվեց, Կարապետյանը ասաց, որ հանցագործության գործիք հանդիսացող առարկաները առգրավված են, բայց գողոնը դեռ հայտնաբերված չէ:

«Այս պահին այդ միջոցառումներն են իրականացվում: Առաջին գերխնդիրը հայտնաբերելն է, երկրորդը` տուժողների վնասը վերականգնելը: Եթե չհայտնաբերվի էլ, ինձ թվում է` գույքի բռնագրավումով եւ մնացածով տուժողների վնասը դատարանը կվերականգնի», - ասաց Կարապետյանը:

Շուրջ 3 ամիս շարունակվող քննչական գործողությունների արդյունքում գողոնը չհայտնաբերելը կասկածներ է առաջացրել ձերբակալվածների հարազատների շրջանում եւ հիմք է տվել եզրակացնելու, որ ոստիկանությունը սխալ մարդկանց է ձերբակալել, իսկ բանդայի իսկական անդամները ազատության մեջ են եւ շարունակում են իրենց գործը: Սակայն Աշոտ Կարապետյանը հավաստիացրեց, որ բանդայի ձերբակալությունից հետո այլեւս նախկին պաշտոնյաների տների վրա այդպիսի հարձակումների դեպքեր չեն եղել, իսկ ձերբակալվածների նկատմամբ կասկածները, նրա կարծիքով, հիմնավոր են:

«Հիմնավորված չլինեին, ո՞նց կարող էր կալանք լինել, ձերբակալություններ լինեի՞ն: Հիմք ընդունենք նախաքննության տվյալները, դեպքի պարագաների վերականգնում է կատարված եւ այլ քննչական գործողություններ, որ մեղքը հիմնավորվել է: Մի գողոնով հո՞ չէ», - ասաց Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG