Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում կարող է երկրորդ ռադիոլոկացիոն կայանը ստեղծել


Ադրբեջան - Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը
Ադրբեջան - Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը
Մինչեւ 2019 թվականը Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում կարող է երկրորդ ռադիոլոկացիան կայանը ստեղծել` Գաբալայի նմանատիպ հետախուզական կենտրոնին զուգահեռ: Այս մասին վկայող տեղեկությունները հայտնվեցին չորեքշաբթի օրը, երբ Բաքվում դեռ շարունակվում էին ռուս - ադրբեջանական բանակցությունները` նվիրված Գաբալայի կայանի հետագա ճակատագրին:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հետախուզական ռադիոլոկացիան կայանների շահագործման ոլորտի առաջատար մասնագետներից մեկը` Մոսկվայում գործող Մինցի անվան Ռադիոտեխնիակական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սավչենկոն նշել է. - «Ռուսական կողմի մշակած ծրագրի համաձայն` այդ նոր կայանը պատրաստ կլինի 2017-19 թվականների միջակայքում: Վերջնական համաձայնությունները, սակայն, կայացվելու են քաղաքական մակարդակում, եւ նախագծի վերջնական իրագործումը, իհարկե, կախված է մեր հարգարժան հարեւանների` ադրբեջանցիների դիրքորոշումից»։

Սավչենկոն նաեւ հատուկ ընդգծել է, որ նոր ռադիոլոկացիոն կայանի ստեղծումը նպատակահարմար է նախեւառաջ տեխնիկական տեսանկյունից:

«Նման հետախուզական կայանների շարքում այս մեկը կլինի նոր սերնդի ներկայացուցիչ` մեկ աստիճան ավելի բարձր, քան Գաբալայում գործող «Դարյալ» տիպի կայանը», - նշել է Վլադիմիր Սավչենկոն ռուսական գործակալությանը տված հարցազրույցում` նաեւ հավելելով. - «Հին կայանի ապամոնտաժման մասին խոսք չկա: Այն Ադրբեջանի սեփականությունն է»:

Նոր կառուցվելիք կայանի մասին ռուսաստանցի գիտնականն ասել է. - «Ռադիոլոկացիան այս նոր կայանն այսպես կոչված մոդուլային տիպի է լինելու, ինչը հնարավորության կտա այն ցանկացած պահի ապամոնտաժել եւ տեղափոխել այլ տարածք: Բացի այդ, ի տարբերություն Գաբալայի` նոր կայանը հանդիսանալու է Ռուսաստանի սեփականությունը»:

Սավչենկոյի այս հայտարություններից մի քանի օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, թե ռուսական կողմը մտադիր է վերակառուցել Գաբալայի կայանը` միաժամանակ կրճատելով այն տարածքը, որ այսօր այն զբաղեցնում է:

«Նոր կայանը կկառուցվի Ռուսաստանում, ապա կտեղափոխվի Ադրբեջան եւ կտեղադրվի Գաբալայում», - նշել էր Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Այս ծրագրի իրագործումը, սակայն, հնարավոր կդառնա միայն մի դեպքում` եթե պաշտոնական Մոսկվան ու Բաքուն կարողանան համաձայնության գալ Գաբալայի կայանի շահագործման հետագա պայմանների շուրջ:

Ադրբեջանական կողմը ցանկանում է ավելացնել Գաբալայի կայանի շահագործման համար գանձվող վճարի չափը, որը այսօր կազմում է տարեկան 7 միլիոն դոլար: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները պահանջում են, որ հետախուզական գործունեությամբ զբաղվող այս կառույցում ավելացվի ադրբեջանցի զինծառայողների չափաբաժինը:

Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի համար Գաբալայի կայանն առանցքային նշանակություն ունի: Այն հնարավորություն է տալիս հետեւել ողջ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Հնդկաստանում իրականացվող հրթիռների արձակումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG