Մատչելիության հղումներ

Ամերիկյան Time հանդեսը Տարվա մարդ է հռչակել Ցուցարարին, ընդվզող մարդու ընդհանրական կերպարը, ում գործողությունները, պարբերականի կարծիքով, հանգեցրել են ժողովրդական իշխանություն հասկացության վերաիմաստավորմանը:

2011 թվականը նշանավորվել է ցույցերով, զանգվածային բողոքի գործողություններ են տեղի ունեցել աշխարհի տարբեր ծայրերում` արաբական աշխարհից մինչեւ Միացյալ Նահանգներ: Դրանք երբեմն խաղաղ բնույթ են կրել, ավելի հաճախ ուղեկցվել են բռնությամբ ու ձերբակալություններով, արձանագրում է հեղինակավոր պարբերականն ու ընդգծում, որ հենց բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցն է տարվա ընթացքում ձեւավորել լրահոսն ու իրական ազդեցություն ունեցել իրադարձությունների վրա:

Time-ի խմբագիրը գրում է. - «Թվում է, թե այս տարի ամենուր մարդիկ պարզապես ասացին` բավակա՛ն է, նրանք չհամաձայնեցին զիջել, չհանձնվեցին ու չցրվեցին` նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց պահանջներին ի պատասխան արցունքաբեր գազ կամ փամփուշտների կարկուտ ստացան: Նրանք ապացուցեցին, որ անհատի գործողությունը կարող է հսկայական փոփոխությունների հանգեցնել»:

Պարբերականը այնուհետ հիշեցնում է, որ գրեթե մեկ տարի առաջ թունիսցի Մոհամեդ Բուազիզը, աղքատությունից եւ ոստիկանության կամայականություններից տանջահար, քաղաքապետարանի շենքի մոտ ինքնահրկիզման ակտ կատարեց: Կարելի է ասել, որ այս կրակից ծագած հեղափոխական հրդեհը տարածվեց արաբական աշխարհում` տապալելով տասնյակ տարիներ գահակալած ղեկավարներին:

Time-ը նշում է, որ շատ երկրներում, այդ թվում` Իսրայելում, Չիլիում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, ընդդիմադիրներն ու ցուցարարները ոգեշնչվել էին Մերձավոր Արեւելքում ծավալված իրադարձություններով: Time-ի խմբագրությունը հիշատակում է նաեւ ռուսաստանյան վերջին հանրահավաքների մասնակիցներին, որոնք պայքարում են արդար եւ ազատ ընտրությունների համար։

Եթե արաբական աշխարհում ժողովրդական հուզումների հիմնական պատճառներից էին իշխանության կամայականություններն ու ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցարարները բողոքում էին խոշոր ընկերությունների եւ ֆինանսական մարմինների անպատասխանատվության դեմ, ինչը, նրանց կարծիքով, հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի: «Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիան սկսվեց Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին եւ այնուհետեւ տարածվեց ամերիկյան այլ նահանգներ, ինչպես նաեւ եվրոպական երկրներ:

Time-ը գրում է, որ աշխարհի շատ երկրներում այս ցույցերն ու արաբական աշխարհի հեղափոխությունները հեղափոխեցին նաեւ մեդիա ոլորտը. հրապարակել, տեղեկացնել ցույցերի ընթացքի մասին սկսեցին հենց հանրահավաքների մասնակիցները` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ։ Նրանք իրենց հեռախոսներով սոցիալական ցանցերի միջոցով ուղիղ եթերում ամբողջ աշխարհին պատմեցին ու մասնակից դարձրեցին իրենց բողոքին: Time-ը ներկայացնում է նրանցից մեկին` ակտիվիստ եւ լրագրող Թիմ Փուլին, ով իր հեռախոսով «Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիաներից ուղիղ հեռարձակում էր ապահովում: Նա պատմում է, որ 4 օրերի ընթացքում իր հեռարձակմանը հետեւել է 250 հազար մարդ:

Time-ի այս տարվա ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ծովակալ Ուիլյամ ՄըքՌեյվենը, ով ղեկավարել է «Ալ-Ղաիդա»-ի պարագլուխ Ուսամա Բին Լադենի վերացման գործողությունը, երրորդը չինացի այլախոհ գրող Այ Վեյվայն է, ում ձերբակալությունը համաշխարհային մեծ աղմուկ բարձրացրեց, չորրորդը` Քեյթ Միդլթոնը, ով այս տարի ամուսնացավ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հետ:

2010 թվականին Time-ի կողմից Տարվա մարդ էր ճանաչվել Facebook-ի հիմնադիր 27-ամյա Մարկ Ցուկերբերգը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG