Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է նախկին պատգամավորի եղբորորդին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, այսօր Երեւանում Կիեւյան կամրջի վրա ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդուն` Ստեփան Հակոբյանին:

Ըստ Ահարոնյանի, Ստեփան Հակոբյանը գտնվում էր հետախուզման մեջ 2006 թվականի հունիսի 22-ից հետո: Այդ օրը, հիշեցնենք, սպանվել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը:

Աշոտ Ահարոնյանի խոսքով, Ստեփան Հակոբյանը հետախուզվում էր Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետի հատկանիշներով («սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»):

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության համաձայն, նախաքննական մարմինը կասկածում է, որ Սեդրակ Զատիկյանին սպանելու պատվիրատուն եղել է Ստեփան Հակոբյանը:

Հիշեցնենք նաեւ, որ 2007 թվականին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը միացավ Հայ ազգային կոնգրեսին: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվեց եւ 2009 թվականին համաներմամբ ազատ արձակվեց:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG