Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Վենետիկ


Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հռոմից մեկնում է Վենետիկ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Ջանֆրանկո Ֆինիի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ դրա համատեքստում` նաեւ համագործակցության տնտեսական եւ մշակութային բաղադրիչները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար:

Սերժ Սարգսյանի եւ Ռիկարդո Միլիորիի հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարեւորությունը, կարեւորել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը:

Երեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանում իտալական ներդրումների ծավալը շատ փոքր է, եւ այն ընդլայնելու կոչ է արել իտալացի գործարարներին։

«Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սեւծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաեւ հյուսիս­հարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաեւ Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում», - մասնավորապես, ասել է Հայաստանի նախագահը` թվարկելով նաեւ այլ ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել իտալացի գործարարների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG