Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները գրեթե չեն կատարվում


Մեր օրերում գրեթե չեն կատարվում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին նշեցին «Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման» անդամները:

Բայց նրանց պնդմամբ հայ երիտասարդ կոմպոզիտորներ կան եւ նրանք ստեղծագործում են:

«Մենք ուզում ենք, որ վերանա այն տպավորությունը, որ կոմպոզիտորի մասնագիտությունը Հայաստանում թանգարանային մասնագիտություն է դարձել: Բոլորիս մոտ կարծես այն տպավորություն է, որ վերջին հայ կոմպոզիտորը Արամ Խաչատրյանն է եղել», - նշեց «Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հիմնադիր» Արսեն Բաբաջանյանը:

ժամանակակից հայ կոմպոզիտորի վարկանիշը բարձրացնելու եւ հասարակությանը հայ հեղինակներին ճանաչելի դարձնելու նպատակով է ստեղծվել երիտասարդ կոմպոզիտորների միավորումը, որի անդամներն իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել են համերգներ կազմակերպել Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի երաժշտական դպրոցներում` կատարելով հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երիտասարդ կոմպոզիտոր Մավր Մկրտչյանն անդրադարձավ այն խնդրին, որ Կոնսերվատորիան ավարտող երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները չեն կատարվում անգամ ավարտական դիպլոմ ստանալու ժամանակ ոչ Կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի, ոչ էլ այլ նվագախմբերի կողմից, եւ գրված կոնցերտները, սիմֆոնիաները կամ օպերաները մնում են թղթի վրա:

«Դիպլոմային աշխատանքի պարտիտուրան ներկայացնում ենք դասախոսին, նա էլ նայում է եւ այդպես գնահատում: Վերջերս սկսել ենք կոմպյուտերային ծրագրերով հավաքել մեր ստեղծագործությունները, բայց դրանք իրական հնչողության հետ շատ քիչ կապ ունեն», - նշեց նա:

«Դիպլոմայինը թղթով ներկայացնելը, դա նույնն է, որ դաշնակահարը, նվագելու փոխարեն ասի, թե այ, այստեղ այսպես կնվագեի, կամ ռեժիսորը, իր ավարտական ֆիլմը նկարահանելու փոխարեն պատմի, թե այս հատվածում դերասանն ինչպես պետք է խաղա եւ այլն», - հավելեց Արսեն Բաբաջանյանը:

Երիտասարդ կոմպոզիտորները դիմել են Կոնսերվատորիայի ղեկավարությանը, վարչապետին, մշակույթի նախարարությանը:

«Լավագույն դեպքում ստացել ենք բացասական պատասխան, վատագույն դեպքում՝ պատասխան չէինք ստանում», - ասաց Արսեն Բաբաջանյանը:

Նա առաջարկեց, որ պետական երեք նվագախմբերից մեկն ամեն տարի կատարի Կոնսերվատորիան ավարտող կոմպոզիտորների աշխատանքները:

«Եթե ամեն տարի մի նվագախումբ կատարի Կոնսերվատորիան ավարտող կոմպոզիտորների աշխատանքները, ստացվում է, որ երեք տարին մեկ անգամ պետք է դրանց կատարմանը տրամադրեն մի քանի փորձ եւ կատարեն դրանք իրենց հերթական համերգի ընթացքում այլ ստեղծագործությունների շարքում», - ասաց Բաբաջանյանը:

XS
SM
MD
LG