Մատչելիության հղումներ

Հարթունյանի պնդմամբ` կալանավորումը իր ընտանիքին ճնշելու նպատակ էր հետապնդում


Հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորված ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը երեքշաբթի ուշ երեկոյան ազատ արձակվելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն որակեց:

«Ոչ միայն անհիմն է, այլ ստից բաներ են գրել, չափազանցված թվեր են ներկայացրել: Այս մեկ տարվա ընթացքում այս ճնշումները արդեն նորություն չեն: Սա ճնշում բանեցնել է, որ մեր ընտանիքը, որ ներդրումներ է արել, ունենք անշարժ գույքեր, որ դրանք հափշտակեն: Այս մի տարվա ընթացքում շատ հալածանքների ենք ենթարկվել, սպառնալիքներ, քննչական, 6-րդ վարչություն, ուր ասես, տարել-բերել են ինձ: Նպատակը ճնշելն է, եւ սա դրա շարունակությունն է, ինձ համար նորություն չէ, ուղղակի չէի պատկերացում, որ կարող էին այն աստիճան անարդար, ահավոր վերաբերմունք ցույց տալ: Նախօրոք կար հրաման եւ իրենք կատարողներ էին ուղղակի», - ասաց Հարթունյանը:

Ճնշումների նպատակը, ըստ ամերիկահայ բարերարի, իրեն հուսահատեցնելն է, որպեսզի թողնի ամեն ինչ եւ հեռանա երկրից: Հարթունյանը, սակայն հրաժարվեց կոնկրետ անուններ տալ:

«Միանշանակ կոնկրետ անձինք կան, բայց անուններ տալը, ինձ թվում է, իմաստ չունի: Բերդից նոր եմ դուրս եկել, մի քիչ հանգստանամ... Ինձ համար երեւույթն է ավելի կարեւոր, քան թե անունը», - ասաց Հարթունյանը:

Հիշեցնենք` Պետեկամուտների կոմիտեն Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող GH Storage Enterprise ընկերությունում ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել 111 միլիոն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ: Թեեւ Հարթունյանը չի ընդունում մեղադրանքները եւ պնդում է, որ իր խափանման միջոցը փոխվել է հասարակական ճնշման արդյունքում, սակայն Պետեկամուտների կոմիտեն իր հերթին հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ընդառաջել է Հարթունյանի եւ նրա աշխատակիցների խնդրանքին իրենց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխելու եւ ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ` հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ մարել առաջացած հարկային պարտավորությունները:

Սակայն Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը փոխանցեց, որ ընկերության աշխատակիցներից ոչ մեկը խնդրանքով իչի դիմել ՊԵԿ: Փաստաբանն ընդունում է, որ ընկերությունում կարող էին հայտնաբերվել խախտումներ, բայց ՊԵԿ-ի ներկայացրած թվերը, ըստ նրա, ուռճացված էին:

«Այդ ուռճացված թվերը շինծու են: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ էլ կարող է լինել 500 հազար, 1 միլիոն, 1.5 միլիոն, բայց միեւնույն է դա հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու հետ որեւէ առնչություն չի կարող ունենալ», - ասաց Հովհաննիսյանը:

Փաստաբանը պնդում է, որ օրենքով սահմանված կոնկրետ գումարի մասին խոսք չի եղել, ուստի հարկերից խուսափելը, այն էլ չարամտորեն, իրականության հետ կապ չունի: Հարթունյանի հետ կալանավորված GH Storage Enterprise ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանը եւ գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը երեկ եւս ազատ էին արձակվել: Ընկերությունը Վարչական դատարանում բողոքարկել է վերստուգման արդյունքները: Ինչ վերաբերում է իրեն բերման ենթարկելուն, ապա Նարեկ Հարթունյանի խոսքով` դա էլ ճնշման ձեւ է, քանի որ ինքը պատրաստ է եղել ներկայանալ քննչական մարմին:

«Զանգեցին, ասացին` պետք է գաս քննչական, որովհետեւ քննիչը պահանջում է, որ ներկայանաս, ասացի` բայց հորս քառասունքն է, պատրաստվում եմ եկեղեցի գնալ, ասացին` չէ: Մի խոսքով, ասացի, լա'վ, կգամ, այն հույսով, որ մի քանի ժամ հետո կարող եմ գնալ եկեղեցի: Տնից դուրս եմ գալիս` սեւ հագած ոստիկանները գալիս են, ասում եմ` դո՞ւք եք պարոն Նարեկ Հարթունյանը, բերման եք ենթարկվում, քննչական պիտի գնանք: Ասացի, հա, այնտեղ եմ գնում: Ասացին` չէ, մեզ հետ: Իրենք ոնց որ ամեն ինչ նախօրոք ծրագրել էին, դատարանում արդեն նոր, կեղծ ցուցմունքներ էին գրել իմ դեմ», - պատմեց Հարթունյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG