Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը Ժյուպեի հետ հանդիպում է խնդրում


Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը երկրի արտգործնախարարությունից պարզաբանումներ է պահանջել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունների կապակցությամբ եւ արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ հանդիպում է խնդրել։

Այսօր Les Nouvelles d’Armenie պարբերականի ինտերնետային էջում հրապարակված հայտարարությունում Հայ դատի գրասենյակը նշում է, որ դեկտեմբերի 8-ին անցկացված «Հակամարտություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. մոռացված հակամարտություն» խորագրով «կլոր սեղանի» ժամանակ Ֆասիեն, մասնավորապես, ասել է. - «Ես, անկասկած, հասկանում եմ Ադրբեջանի տառապանքները։ Այդ երկրի տարածքները գրավված են։ Որպես ֆրանսիացի` ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում օկուպացիան»։

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի համոզմամբ, այդ խոսքերը վկայում են Ֆասիեի կողմնակալության մասին` չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդի իր դերին։

Դատապարտելի որակելով ֆրանսիացի դիվանագետի հայտարարությունները` Հայ դատի գրասենյակը դրանք դիտարկում է վերջին ամիսներին Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության դրսեւորած` «Թուրքիայի նկատմամբ չարդարացված բարյացկամ» կեցվածքի համատեքստում, հիշեցնելով, մասնավորապես, Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների նպատակով պատմաբանների հանձնաժողով հյուրընկալելու` պաշտոնական Փարիզի արտահայտած պատրաստակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG