Մատչելիության հղումներ

Հռոմի կենտրոնում հայկական խաչքար է բացվել


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեկ Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում` Բրասկի թանգարանի դիմաց, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, 13-րդ դարի հայկական խաչքար են բացել։

Խաչքարի ցուցադրության բացման արարողությունից առաջ Հռոմի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ - իտալական բարեկամության հարատեւությունը: Այն նաեւ մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների եւ քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու եւ հաղորդակից լինելու հայկական մշակույթին:

Հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Հռոմի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով` Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարեւաններ են եղել՝ երկու սահմանակից, ինքնիշխան պետություններ, եւ այսօր էլ Հայաստանն ու Իտալիան շարունակում են պատմական այդ ամուր հիմքի վրա արդյունավետ համագործակցել:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար:

Խաչքարի բացման արարողությունից հետո Հայաստանի նախագահը այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG