Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 14-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իշխանության մեջ կան անպատժելիությունից հարբած կերպարներ, որոնք կարող են իրենց ցանկացած բան թույլ տալ՝ վստահ լինելով, որ իրենց «ծառայությունները» պետք են լինելու բոլոր իշխանություններին: Որպես փոխհատուցում՝ ամենաթողություն ամեն ինչում՝ սկսած բիզնեսում ապօրինի արտոնություններից, վերջացրած մանր կենցաղային դրսեւորումներով: Օրինակ՝ նրանք իրավունք ունեն իրենց թիկնազորի հետ այնպես երթեւեկել մայրուղով, որ ոչ ոք չկարողանա նրանց շրջանցել, իսկ եթե որեւէ մեկը համարձակվի դա անել, դաժանորեն կպատժվի՝ նույն թիկնազորի կողմից: Այդ «լավ տղաներին» վազանց կատարողը մի քանի, ՀՔԾ-ի ասած, «ապտակ» կստանա: Ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ Հայաստանից գնում են ոչ միայն նյութական ծանր վիճակի, այլեւ հենց նման անհույս, անելանելի, ստորացուցիչ իրավիճակների պատճառով: Մարդիկ չեն ուզում ապրել լիսկաների երկրում՝ դա, ի վերջո, վիրավորական է»:

Նույն թեմայի համատեքստում «Երկիր» օրաթերթը գրում է. - «Հետաքրքիր է` քանի՞ հարված պետք է հասցներ Սուրիկ Խաչատրյանը, որ համարվեր հանցանք: Ստացվում է, եթե մեկն իր կողմից տուժողի «մեյդը փռի» մեկ հարվածով, ու մանավանդ այնպիսի հարվածով, որ չհասցնի անգամ ցավ զգալ, նրան չեն դատի: Այստեղ, կարծում ենք, կարեւորը Սիլվայի բողոքել-չբողոքելը չէ. կա փաստ, որը պետք է արժանանար իրավական գնահատականի»:

«Ժամանակ»-ի առաջնորդող հրապարակման մեջ կարդում ենք. - «Ակներեւ է, որ առաջիկա ընտրական շրջանում, որքան էլ տարօրինակ թվա այդ պնդումը, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ համար առանցքային «գլխացավը» լինելու ոչ այնքան ընդդիմությունը` ում էլ որ նկատի ունենանք որպես ընդդիմություն, որքան կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը»: ԲՀԿ-ն ակնհայտորեն ավելի ու ավելի է հայտնվում իշխանության ու ընդդիմության արանքում: Այդ իմաստով Գագիկ Ծառուկյանի դերը դառնում է բավական առանցքային, որովհետեւ իշխանություն-ընդդիմություն մրցակցության ելքը, տվյալ դեպքում արդեն ընդդիմություն ասելով նկատի ունենք Հայ ազգային կոնգրեսին, մեծապես կարող է պայմանավորված լինել այն դիրքորոշմամբ, որ կորդեգրի «Բարգավաճ Հայաստանը»: Ո՞ւմ նժարը կծանրացնի Գագիկ Ծառուկյանը: Սա մի հարց է, որն այսօր բավական մտահոգում է իշխանությանը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցադրմանը` «մի՞թե նմանատիպ հյուրանոց չպետք է ունենա հանրապետության երկրորդ քաղաքը», գրում է. - «Գյումրիում, իհարկե, անպայման պիտի շքեղ հյուրանոց լինի. այս հարցում Վարդան Ղուկասյանն իրավացի է: Բայց ամենեւին պարտադիր չէ, որ այդ հյուրանոցի սեփականատերը հենց քաղաքապետը լինի: Սա, համաձայնեք, մի քիչ կասկածելի է: Գյումրիի քաղաքապետը, ուրեմն, պետական պաշտոնյա է, ապրում է բացառապես աշխատավարձով, բայց հաջողացնում է մի քանի միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց կառուցել եւ, այդքանից բացի, մի ուրիշ սիրած զբաղմունք էլ ունի. սիրում է խոսել այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունները «ՀՀՇ-ի օրոք» թալանել Գյումրին»:

«Ոչխարի բանը բուրդ է» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հայաստանում սովորական ոչխարի միսը դարձավ իսկական դելիկատես: Այսօր ոչխարի միսը ավելի թանկ է, քան խոզինն ու տավարինը: Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ այդ մթերքը այլեւս չի կորցնի իր դելիկատեսային կարգավիճակը: Ընդամենը չորս տարի առաջ` 2008-ի, ասենք, սեպտեմբերին ոչխարի մսի մեկ կիլոգրամը Երեւանում վաճառվում էր 1800 դրամով կամ այն ժամանակվա փոխարժեքով` 6 դոլար: Այս տարվա սեպտեմբերին արդեն մեկ կիլոգրամ ոչխարի միսն արժեր 3500 դրամ կամ 9 դոլար 30 ցենտ: Համեմատության համար ընդամենը նշենք, որ նույն ժամանակահատվածում տավարի մսի մեկ կիլոգրամը Հայաստանում 5.2 դոլարից հասել է 6.9 դոլարի, իսկ խոզինը նույնիսկ էժանացել է` 9 դոլարից հասնելով 8.6 դոլարի: Ոչխարի մսի այսպիսի թանկացման պատճառը հայտնի է թերեւս բոլորին` հսկայական քանակությամբ արտահանվում է դեպի Իրան, որտեղ ոչխարի մսի գինը բավականին բարձր է: Շուկայի օրենքներով` դա անմիջապես պետք է բերի այդ մթերքի գնի բարձրացմանը նաեւ Հայաստանում, եւ հենց դա էլ տեղի է ունեցել: Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից Իրան է արտահանվել 76 հազար գլուխ ոչխար, անցած տարվա նույն ժամանակահատվածի 65 հազար գլխի դիմաց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG