Մատչելիության հղումներ

Կալանավորված ամերիկահայ բարերարն ազատ արձակվեց


«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյան

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյան

Հարկերից խուսափելու մեղադրանքով շաբաթ օրվանից կալանավորված ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը ազատ է արձակվել:

Ազատ են արձակվել նաեւ Հարթունյանի հետ կալանավորված GH Storage Enterprise ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանց փաստաբան Անի Թորոսյանը պատմեց, որ այսօր աշխատանքային օրվա վերջում տեսակցության էր գնացել իր պաշտպանյալներին: - «Տեսակցության ավարտին մոտ մեկուսարանի ադմինիստրացիայից հայտնեցին, որ ազատ են 3-ն էլ: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերացել է կալանքի անհրաժեշտությունը», - նշեց Թորոսյանը: - «Որեւէ գրավոր փաստաթուղթ չի տրամադրվել»:

Հիշեցնենք, Պետեկամուտների կոմիտեն Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող GH Storage Enterprise ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել էր 111 միլիոն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ: GH Storage Enterprise ընկերությունը վարչական դատարանում բողոքարկել էր վերստուգման արդյունքները, բայց ընդհանուր իրավասության դատարանը, չսպասելով վարչական դատարանի որոշմանը, դեկտեմբերի 10-ին Նարեկ Հարթունյանին, ինչպես նաեւ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին եւ հաշվապահ Արթուր Գալստյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում էր կայացրել:

Այս որոշման առնչությամբ մամուլում եւ սոցիալական ցանցերում դժգոհության ալիք էր բարձրացել: Հարթունյանին ազատ արձակելու պահանջով Ֆեյսբուկ ցանցում ստեղծված խումբը շուրջ 1600 անդամ ունի, իսկ Change.org կայքում նախաձեռնվել է ստորագրահավաք, հավաքվել է հազարից ավելի ստորագրություն:«Հետք» պարբերականը նաեւ հրապարակել է նամակներ Սփյուռքից` ի պաշտպանություն Նարեկ Հարթունյանի: Ամերիկահայ բարերարին կալանավորելու դրվագը հասարակական դժգոհություն է առաջացրել, քանի որ Նարեկ Հարթունյանը եւ նրա ընտանիքը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում երկար տարիներ զբաղվում են բարեգործթյամբ: Երեւանում եւ Շուշիում ունեցած նշանակալի ավանդի համար «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը արժանացել է նաեւ պետական պարգեւների:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարթունյանի պաշտպան Անի Թորոսյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալներին ազատ են արձակել մամուլում եւ սոցցանցերում բարձրացած աղմուկի արդյունքում:

Նախօրեին ամերիկահայ բարերարի շահերի պաշտպանները նշել էին, որ Հարթունյանին առաջադրված մեղադրանքը` հարկերից չարամտորեն խուսափելը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Նարեկ Հարթունյանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վճարել բոլոր հարկերը, եթե վարչական դատարանը վերջնական դատական ակտ ընդունի, որով կհաստատվի, որ ընկերությանն առաջադրվող հարկային պարտավորություններն օրինական են եւ հիմնավոր:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG