Մատչելիության հղումներ

«Էլիտար» շենքում նույն բնակարանները վաճառվել են միաժամանակ մի քանի գնորդների


Բնակարանատերերը իրենց խաբված են զգում, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի ապագա բնակիչները իրենց բնակարանների դռների վրա հայտնաբերել են «վաճառված է» գրությամբ ցուցանակներ:

Ընդ որում, հետագայում բնակարանների տերերը պարզել են, որ նույն տները վաճառվել են միաժամանակ մի քանի գնորդների: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին շենքի գրեթե բոլոր բնակարանների դռների վրա փակցված էին նման ցուցանակներ:

«Համարյա ամբողջ շենքում` բոլոր դռների վրա, նույն համարները գրած կպցրած է», - պատմեց բնակարանատերերից մեկը` Ներսես Մանուկյանը, ով հարկից հարկ բարձրանալով` ցուցադրում էր գրությունները: - «Մեր տան դռան վրա էլ է գրած կպցրած 3 հատ»:

Ներսես Մանուկյանը պատմեց, որ շուրջ 7 տարի առաջ պայմանգիր է կնքել շենքի բաժնետերերից «Գաբբնակշին» ընկերության հետ, բնակարանի համար վճարել է շուրջ 29 միլիոն դրամ, եւ սպասելով իր բնակարանի կառուցմանը` անցնող տարիներին ընտանիքով վարձով է ապրել: Մի քանի ամիս առաջ ընկերության նախագահ Գագիկ Պապոյանի հետ համաձայնեցնելով` սկսել է բնակարանում ներքին բարեկարգման աշխատանքները:

«Պատերը կիսեցինք նոր նախագծով, դրանից հետո անցավ մի ամսի չափ, եկա տեսա դռան վրա համար է կպցրած: Զանգեցի` ասացի ի՞նչ խնդիր է: Բա` դա մեր տունն է, մենք առել ենք: Ասացի` ես էլ եմ առել, մեջը պատեր եմ շարել, աշխատանք եմ տարել: Պապոյանի մոտ գնացինք` ասաց խնդիր չկա, մի քանի օրվա մեջ այդ հարցը կլուծեմ: Դրանից հետո անցավ մի քանի օր` ինքը ուղղակի անհետացավ», - ասաց Մանուկյանը:

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը բնակարանատերերը պատմում էին, որ իրենց տվյալներով շենքի 172 բնակարանների համար 700-ից ավելի առուծախի պայմանագիր է կնքված, այսինքն` գրեթե բոլոր բնակարանները 3-ից 5 գնորդ ունեն: Շենքի կառուցումը գրեթե ավարտված է, բնակարանների մեծ մասում տեղադրված են պատուհանները եւ հիմնականում մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Գնորդներից Սոնիկ Մաղաքյանի խոսքով, «Գաբբնակշին» ՍՊԸ-ի նախագահ Գագիկ Պապոյանը միտումնավոր դադարեցրել է շինարարությունը, որպեսզի գնորդներից ոչ մեկը չկարողանա տեղափոխվել բնակարան:

«Ցանկացած մարդ, երբ պատահաբար հայտնաբերում է, որ իր բնակարանը արդեն տիրապետվում է մեկ այլ անձի կողմից, հանդիպում է այդ ՍՊԸ-ի նախագահի հետ, եւ անմիջապես ստանում նույն պատասխանը` կներեք, թյուրիմացություն է, ուրիշ տուն կտանք: Սակայն հետո պարզվում է, որ այդ [ուրիշ] բնակարանի վրա էլ կա մի քանի պայմանագիր եւ այդպես բնակիչները ընդամենը կարուսել են խաղում շենքում», - դժգոհեց Սոնիկ Մաղաքյանը:
Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքում բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագրեր ունեն նաեւ Բուզանդի փողոցում գերակա շահ ճանաչված սեփական տների բնակիչները, ովքեր որպես փոխհատուցում պետք է այս նորակառույցում բնակարաններ ստանային: Այս բնակիչներից մեկը Վահան Սարուխանյանն է, ով պայմանագիրը կնքել է շենքի երկրորդ բաժնետիրոջ` «Նարեկ Շելտեր» ՍՊԸ-ի հետ, որի նախագահ Սիմոն Աղազայանը եւս, ըստ բնակիչների, բնակարանները վաճառել է միաժամանակ մի քանի գնորդների:

«Մնացել եմ օդում կախված: Աղազարյան Սիմոնն ինձ առաջարկում է` եկեք նոր շենք կառուցենք, դրանից պայմանագիր կկապեք: Ես իրեն ասում եմ` 6 տարի է ես փողոցում եմ իմ ընտանիքով, իմ թոռներով: Ինչպե՞ս [պայմանագիր] կապեմ այսօր ու ինչի՞ վրա հույս դնեմ, որ նորից երկար տարիներ սպասեմ իրեն», - հարցնում է նա:

Վերջին շաբաթների ընթացքում շենքի երկու բաժնետերերին գտնելու ապարդյուն փորձերից հետո բնակիչները դիմել են ոստիկանություն, որտեղից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում եւ քանի դեռ գործը այս փուլում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Իսկ բնակարանատերերը արդեն կասկած չունեն, որ նոր տարին նոր բնակարաններում չեն դիմավորելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG