Մատչելիության հղումներ

Ցուցմունք է տվել առանցքային վկաներից մեկը


Այսօր դատարանում սկսեց ցուցմունք տալ մեկուկես տարի առաջ բանակում մահացած լեյտենանտի Արտակ Նազարյանի մահվան գործով առանցքային վկան:

Հենակետի խոհարար Արման Մնացականյանը, պատասխանելով կողմի հարցերին, հայտարարեց, որ Արտակ Նազարյանը մահացել է ավելի վաղ, քան ասված է պաշտոնական վարկածում: Ըստ նրա ցուցմունքի` Նազարյանը մահացել է հուլիսի 26-ի առավոտյան:

Համաձայն պաշտոնական վարկածի, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում անցած տարվա հուլիսի 27-ի առավոտյան: Նրա դիակը հայտնաբերվել էր հենակետից հեռու գտնվող ժայռի վրա:

Զորամասի խոհարար Արման Մնացականյանն անցած դատական նիստերին հրաժարվում էր ցուցմունք տալ: Նա նշում էր, թե ոչինչ չի հիշում: Այսօր, սակայն, կցկտուր ցուցմունք տալուց հետո սկսեց պատասխանել կողմերի հարցերին` այսպիսով հակասելով ինչպես նախաքննությամբ ձեռքբերված ու հաստատված ապացույցներին, այնպես էլ իր նախաքննական ցուցմունքներին:

20-ամյա զինվորը անցած դատական նիստերին ասել էր, թե իր նախաքննական ցուցմունքը գրել է ոչ թե ինքը, այլ քննիչը: Նրա նախաքննական ցուցմունքի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել Նազարյանի 5 ծառայակիցների նկատմամբ: Նրանք մեղադրվում են լեյտենանտին ինքնասպանության դրդելու մեջ:

Տուժող կողմը շարունակում է հայտարարել, որ քանի դեռ կարեւոր վկան շարունակում է Զինված ուժերում ծառայությունը հենց Ռազմական ոստիկանությունում, նա կշարունակի հակասական ցուցմունքներ տալ, չի խոսի իրականության մասին, այն մասին, որ Նազարյանին սպանել են, սպանելուց առաջ էլ խոշտանգել:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում կրկին հայտարարեց, որ վկայի հարցաքննությունն այն փուլում, երբ նա գտնվում է Ռազնական ոստիկանության հսկողության ներքո, տեղին չէ:

Նազարյանի ներկայացուցիչներն ու մայրն անցած շաբաթ հանդիպելով պաշտպանության նախարարին` նրան խնդրել էին լուծել Մնացականյանի զորացրման հարցը: Նախարարը խոստացել էր միջոցներ ձեռնարկել: Մնացականյանի ծառայության երկու տարին լրացել է դեկտեմբերի 4-ին, բայց նա մինչեւ օրս չի զորացրվել: Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անցել է մեկ շաբաթ, բայց կարեւոր վկան շարունակում է մնալ Ռազմական ոստիկանությունում:

«Պաշտպանության նախարարությունը, փաստորեն, շահագրգռված չէ, որպեսզի այդ գործով ճշմարտությունը բացահայտվի: Մենք նախարարին միջնորդել են, ասել ենք, որ այդ տղայի ծառայության ժամկետն ավարտվել է, խնդրում ենք զորացրել, նա ցուցում է տվել իր աշխատողներին… Պարզվել է, որ իրականությանը համապատասխանում է, բայց [Մնացականյանը] առ այսօր զորացրված չէ», - ասաց փաստաբանը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ համաձայն Զինված ուժերի ոլորտը կարգավորող օրենսդրության, զինվորի ծառայությունը կարող է հետաձգվել եւս մեկ ամսով: «Այս դեպքում օրենք չի խախտվում», - նշեց Կարապետյանը` այլ մանրամասներ չհաղորդելով:

Տուժող կողմը, սակայն, անհրաժեշտ պայման է համարում զորամասի վկա զինվորի զորացրումը:

Երբ երկու շաբաթ առաջ Արման Մնացականյանը դատարանում փաստաբան պահանջեց, դատավոր Սամվել Մարդանյանն առաջարկեց հանրային պաշտպան կանչել: Այնինչ հաջորդ դատական նիստին վկան ներկայացավ ոչ թե հանրային պաշտպանի, այլ փաստաբանի ուղեկացությամբ:

Այսօր դատարանում վկան հայտարարեց, որ այդ փաստաբանին վարձելու համար ինքը փաստաբանական գրասենյակ է գնացել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Սա տուժող կողմին հիմք է տալիս հայտարարելու, որ այս գործով կարեւոր վկային ոչ միայն ճնշում են, այլեւ ուղղորդում:

Արման Մնացականյանի հարցաքննությունը կշարունակվի վաղը:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG