Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը այսօր հանձնելու է Սախարովի մրցանակը


Անդրեյ Սախարովի մրցանակը, լոգո

Անդրեյ Սախարովի մրցանակը, լոգո

Անհաշտ պայքար մոլեռանդության, անհանդուրժողականության եւ բռնակալության դեմ` այդ ուղին ընտրած մարդիկ են արժանանում անցած դարի մեծ մարդասեր եւ մտածող Անդրեյ Սախարովի անվան մրցանակին։

Բոլոր դափնեկիրները գիտեն, թե որքան ծանր է մարդու իրավունքների, խոսքի ազատության համար մղած պայքարը, որի առաջամարտիկներից մեկը հենց ինքը` աշխարհահռչակ իրավապաշտպան-ֆիզիկոսն էր։

Եվրախորհրդարանը մրցանակը սահմանել է 1988 թվականին` Սախարովի մահից մեկ տարի առաջ։

Ստրասբուրգում տեղակայված Եվրախորհրդարանը հաղթողների անունները պաշտոնապես հրապարակում է դեկտեմբերի 10-ին գումարած հատուկ նիստում, քանի որ 1948 թվականին այդ օրն է ՄԱԿ-ը ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ բուն վկայագրի եւ 50 հազար դոլարի դրամական պարգեւի հանձնումը տեղի է ունենում դեկտեմբերի 14-ին` Սախարովի մահվան օրը։

Դեռ աշնանը ենթադրություններ են արվել, որ այս տարվա մրցանակը կստանան «արաբական գարնան» ակտիվիստները։

Հոկտեմբերի 27-ին Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը հայտարարել է, որ Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության մրցանակը» շնորհվում է «նրանց, ովքեր մեծ ներդրում ունեն արաբական աշխարհում պատմական փոփոխություններ կայացնելու գործում եւ ոչ միայն արաբական, այլեւ ամբողջ աշխարհում դարձել են ժողովրդավարության, հիմնարար իրավունքների եւ արժանապատվության համար պայքարող մարդկանց խորհրդանիշ»։

Դափնեկիրների թեկնածուներին ընտրում են Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, զարգացման եւ մարդու իրավունքների հանձնաժողովները։ Հաղթողին այդ ցանկից ընտրում են քաղաքական խմբակցությունների ղեկավարները։

Այս տարի մրցանակին արժանացել են Ասմաա Մահֆուզը` Եգիպտոսից, Ահմեդ Էլ Սենուսին` Լիբիայից, Ռազան Զայթունեհը` Սիրիայից, Ալի Ֆերզաթը` Սիրիայից, եւ ետմահու դափնեկիր է ճանաչվել թունիսցի Մուհամեդ Բուազիզին։

Այդ 26-ամյա երիտասարդը սոցիալական անարդարության դեմ է պայքարել եւ իր հարցերի լուծումը չստանալով` 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ի նշան բողոքի ինքնահրկիզվել եւ ահավոր ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ այս տարվա հունվարի 4-ին մահացել է։

Թունիսցիները նրա վախճանին արձագանքել են նախ տասնյակ, ապա հարյուր հազարանոց ցույցերով։

Թունիսը 23 տարի անընդմեջ նախագահող Զին Էլ Աբիդին Բեն Ալին ընդամենը տասն օր անց խայտառակ փախուստի է դիմել։

Ապա ընդվզումները Թունիսից տեղափոխվել են արաբական եւս մի քանի երկիր, որտեղ նույնպես իշխանափոխության են հանգեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG