Մատչելիության հղումներ

Ամանորին ընդառաջ «գները կաճեն 5-7 տոկոսով»


Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 13-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 13-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կանխատեսմամբ, Ամանորի տոներին կգրանցվի սննթամթերքի հիմնական տեսակների մոտ 7 տոկոսի գնաճ` համեմատած ընթացիկ դեկտեմբերի սկզբի հետ:

Պողոսյանը, այդուհանդերձ, համարում է, որ այս տարի աժիոտաժ չի լինի, ինչպես եղավ անցած Ամանորին. - «Կարծում եմ, որ ավելի մեղմ կլինի աժիոտաժը անցած տարվա համեմատ, որովհետեւ անցյալ տարի արտակարգ եւ անընդունելի վիճակ էր տիրում: Շատ մոտավոր տվյալներով, 5-7 տոկոսի սահմաններում գները կաճեն»:

Նա հիշեցրեց, որ անցած տարվա աժիոտաժը հիմնականում կապված էր ձվի դեֆիցիտի հետ, խնդիր, որ այս տարի չի արձանագրվել:

Երեւանցիների շրջանում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցումը, սակայն, ցույց տվեց, որ առնվազն սննդամթերքի մասով արձանագրված գնաճը մեր համաքաղաքացիների համար բավականաչափ զգալի է:

«Գները հելել են շալակներս արդեն, տեղի չի մնացել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Իսկ երիտասարդ մի կին ասաց. - «Ճիշտ ասած, հիմա նախընտրում եմ դրսում անցկացնել, քան այստեղ այստեղ, որովհետեւ ամանորյա ծախսերը ավելի շատ են նստում, քան դրսում անցկացնելը»:

Արմեն Պողողյանը համարում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն տրված լիազորությունների շրջանակում ի վիճակի է գոնե առանձին դեպքերում կանխել սպառողների իրավունքների ոտնահարման փաստերը, ինչը չի արվում: Փաստեր, որոնց ազդեցությամբ եթե չի վտանգվում սպառողի առողջությունը, ապա առնվազն հարված է հասցվում նրա գրպանին:

Որպես օրինակ Պողոսյանը բերեց հացն ու շաքարավազը. - «Երբ մենք գնում ենք շաքարավազ, մենք գնում ենք հետը ջուր: Այսինքն` խոնավության տոկոսը գերազանցում է եւ շատ զգալի է գերազանցում: Առողջության առումով այստեղ վտանգ չկա, բայց գրպանի առումով շատ մեծ վտանգ կա: Եվ այդ խնդիրը պետք է հանձնաժողովի հետ համատեղ լուծվի»:

Սպառողների ասոցիացիայի ղեկավարի այս մտահոգության կապակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Աշխարհի շատ տարբեր երկրներում հենց սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող նմանատիպ ընկերությունները, ասոցիացիաներն իրենք են զբաղվում նման խնդիրներով եւ հասնում են այդ խնդիրների լուծմանը: Այստեղ կարեւոր է ոչ միայն խնդիրը ինքնանպատակ բարձրաձայնելը, այլ, կարծում եմ, հենց իրենք կարող են որոշակի քայլեր ձեռնարկել, որոշակի միջոցառումների իրականացնել, եւ եթե դաշտում առկա են տեսանելի խնդիրներ, հասնեն այդ խնդիրների լուծմանը»:

«Գնահատականներ են հնչում, որ հացի մեջ որոշակի տոկոսը օդ է, կամ շաքարավաը խոնավ է: Ես կարծում եմ, որ դրանք պետք է հնչեն մասնագիտական եւ առավել եւս փորձագիտական գնահատականներով: Այսինքն, եթե փորձագետը կամ բանախոսը նման բան է ասում, ես կարծում եմ, պետք է լինեն համապատասխան հիմնավորումներ», - հավելեց նա:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սննդամթերքի գները Հայաստանում աճել են 13.5 տոկոսով: Մինչդեռ, օրինակ, միջին ամսական աշխատավարձը այս սեպտեմբերին, նախորդ սեպտեմբերի համեմատ, աճել է ընդամենը 7.1 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG