Մատչելիության հղումներ

Տիկնիկային թատրոնն ամփոփում է 2011-ը


Ընկերասիրություն, նվիրվածություն, համախմբվածություն: Այսպիսին են բազմաբնակարան շենքերից մեկում բնակվող երեխաները, որոնք մեծ համաբերությամբ ու սիրով սպասում, պատրաստվում ու հավատում են ամանորյա հրաշքին: Դեկտեմբերի 20-ից Տիկնիկային թատրոնի «Նոր տարվա հրաշք» կոչվող ամանորյա ներկայացումը կհյուրաընկալի փոքրիկ հանդիստեսներին:

Ներկայացման հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Դերենիկ Մարտիրոսյանը նշում է, որ ներկայացման հիմքում դրված է դաստիարակչական գաղափարը. - «Երեխաները փորձում են բակը մաքրել եւ Նոր տարվա հանդեսը հենց այդ բակում անցկացնել, բայց հարեւան շենքի հարուստի երեխան, ուզում է սրանց տանել իրենց բակ, որ էնտեղ Նոր տարին նշեն, քանի որ իրենց բակում երեխաներ քիչ կան: Երեխաները չեն համաձայնում: Այստեղ ամենակարեւորն այն է, որ մեկը մյուսին նվիրված են եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար»:

Ձմեռ պապն էլ գալիս, տեսնում է երեխաների կատարած աշխատանքն ու որոշում է քանի դեռ նրանք քնած են, բակը գիշերվա ընթացքում վերածել հեքիաթային աշխարհի:

Դերենիկ Մարտիրոսյանը նշում է, որ ներկայացումը որքան էլ բարի է, այնուամենայնիվ որոշել են բացասական կերպարներից չխուսափել.- «Բարին եւ չարը հեքիաթում միշտ պետք է առկա լինեն, որպեսզի երեխաներն ինչ-որ բան ստանան: Միայն գեղագիտական հաճույք պաճառելը չէ, դաստիարակչականն էլ պետք է լինի, որ երեխան ինչ-որ բան վերցնի ներկայացումից, ինքն էլ դառնա նվիրված, ընկերասեր, աշխատասեր, մեծերին հարգող, ծնողին հարգող»:

Մինչեւ ներկայացումը նախասրահում երեխաներին կդիմավորեն հեքիաթների հերոսները, այս տարվա խորհրդանիշ նապաստակը, եկեղ տարվա խորհրդանիշ վիշապը, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: 25 րոպե երգ, պար, երաժշտություն, հանելուկներ ու խաղեր: Խաղերն էլ, ըստ Դերենիկ Մարտիրոսյանի, լինելու են ուսուցողական, իսկ ներկայացումն էլ երեխաներին կտեղափոխի հեքիաթային աշխարհ:

Հարցին, թե ինչպիսին էր 2011 թվականը Տիկնիկային թատրոնի համար, թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը պաատասխանեց, թե չի դժգոհում, ավելին` նշեց, որ ստեղծագործական հաջողված տարի են ունեցել:

«Այս տարի մենք ունեցանք 5 նոր ներկայացում, ընդ որում ոչ միայն տիկնիկային, այլեւ դրամատիկ, եւ դիմակներով, եւ պոեզիայի երեկոյի նման մի ներկայացում», - նշում է Բաբայանը:

Բաբայանի խոսքով, տարին արդյունավետ էր նաեւ միջազգային փառատոններին իրենց մասնակցության քանակով. 7 փառատոն, 4 տարբեր ներկայացումներով: Նաեւ երջանիկ են, որ հնարավորություն ունեցան վերականգնելու 1980 թվականին բեմադրված «Թզուկի երգը» ներկայացումը, որի ռեժիսորը, նկարիչը, կոմպոզիտորը վաղուց մահացել են:

Ռուբեն Բաբայանը ուրախ է, որ այս տարի դերասանական կազմը համալրվել է նոր երիտասարդ դերասաններով:

«Թատրոնը չունի ո'չ անցյալ, ո'չ ապագա, թատրոնն ունի միայն ներկա, այս պահին է ստեղծվում, եւ պետք է թատրոնում աշխատողները մշտապես զգան ժամանակի զարկերակը: Ժամանակի զարկերակը դա նշանակում է ե'ւ ձեւի տեսակետից, ե'ւ թեմաների տեսակետից, ե'ւ հարցադրումների տեսակետից: Ո՞վ է երիտասարդներից լավ դա զգում», - նշում է Բաբայանը:

Նա անդրադարձավ նաեւ սոցիալական խնդիրներին` ցավով նշելով, որ այդտեղ ինքն իրեն անզոր է զգում. - «Անձամբ ես, որպես թատրոնի ղեկավար, ինձ ամեն օր շատ վատ եմ զգում, երբ գնում եմ թատրոն եւ չեմ լսում թատրոնի աշխատողներից գանգատներ աշխատավարձի վերաբերյալ: Ինչո՞ւ, որովհետեւ ես հասկանում եմ, որ իրենք էլ են հասկանում, որ դա իմ ուժերից վեր է: Վիրավորված վիճակն այդ չնչին աշխատավարձով, որով նրանք ապրում են նաեւ ինձ է ստորացնում: Սա մարդկայնորեն շատ դժվար է տանել, երբ դու ունես ենթականեր եւ դու որպես ղեկավար չես կարողանում բավարարել այս մարդկանց էլեմենտար կենցաղային պահանջները»:

Սակայն Բաբայանն ուրախ է, որ անկախ պայմաններից մարդիկ աշխատում են, իսկ հանդիսատեսն էլ գալիս է ու գոհ հեռանում:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG