Մատչելիության հղումներ

Տարվա լավագույն եւ վատթարագույն զարգացումները ըստ Freedom House-ի


Եգիպտոս - Ժողովրդավարական ուժերի փետրվարյան հանրահավաքներից մեկը Կահիրեի Թահրիր հրապարակում

Եգիպտոս - Ժողովրդավարական ուժերի փետրվարյան հանրահավաքներից մեկը Կահիրեի Թահրիր հրապարակում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում լավագույն եւ վատթարագույն զարգացումները` յուրաքանչյուր խմբում նշելով հինգ փաստ։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ամփոփում է տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք նպաստել կամ խոչընդոտել են մարդու իրավունքների պաշտպանությանը:

Մարդու իրավունքների ոլորտում դրական զարգացումների շարքում Freedom House-ը առաջինը նշում է «արաբական գարունը»` արաբական աշխարհում ընտրությունները որակելով պատմական: Թունիսում, Եգիպտոսում բռնապետներին տապալելուց հետո խաղաղ ընտրությունները տարածաշրջանում խոստանում են հետագա ժողովրդավարական առաջընթաց:

Որպես մարդու իրավունքների ոլորտում տարվա լավագույն դրսեւորում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է նաեւ աշխարհի համախմբված ջանքերը` լիբիացի ժողովրդին Մուամար Քադաֆիի ռեժիմի վայրագություններից պաշտպանելու համար: 40 տարի բռնապետությունից հետո Լիբիան առաջին անգամ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն ունի, փաստում է Freedom House-ը:

Երրորդ դրական զարգացումը կազմակերպությունը համարում է Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի` Միջազգային քրեական դատարանում հայտնվելը: Նա տապալվեց իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրաժարվեց ընդունել իր պարտությունը երկար սպասված ընտրություններում, եւ կդառնա առաջին նախագահը, ով կդատվի Միջազգային քրեական դատարանում: Միջազգային հանրության միասնական ջանքերը Գբագբոյին հեռացնելու եւ միջազգային դատարան հանձնելու ուղղությամբ պետք է որ այլ առաջնորդների համար զսպող հանգամանք լինի, երբ նրանք չեն ցանկանում ընդունել ընտրությունների արդյունքներն ու փորձում են բռնի ուժով պահել իշխանությունը։

Ժողովրդավարության բնագավառում այս տարվա ձեռքբերումներից Freedom House-ը համարում է նաեւ Հնդկաստանի քաղաքացիական հասարակության պայքարը կոռուպցիայի դեմ։ Այն սկսվեց մեկ մարդուց` 74-ամյա Անա Հազարեից, եւ արագորեն վերաճեց համընդհանուր քաղաքացիական պայքարի։ Հազարեն հացադուլ հայտարարեց` ստիպելու համար կառավարությանը հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել, որը տվեց իր արդյունքը:

Այս տարվա ընթացքում որպես ձեռքբերում Freedom House-ը նշում է նաեւ Բիրմայում բարեփոխումների նախանշանները: Այդ երկիրը, որը Freedom House-ը երկար ժամանակ դիտարկում էր որպես վատթարագույնը մարդու իրավունքների խախտումների առումով, վերջերս սկսել է ազատ արձակել որոշ քաղբանտարկյալների եւ թույլատրել է ընդդիմադիր կուսակցությանը գրանցվել:

Արաբական պետությունների լիգան նոյեմբերին աննախադեպ քայլ է կատարել` կասեցրել է Սիրիայի անդամությունը կազմակերպությունը եւ քվեարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների օգտին, պահանջելով այդ երկրի ղեկավար Բաշար Ասադից դադարեցնել արյունահեղությունն ու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները։ Արաբական լիգայի պետությունների այս դիրքորոշումը եւս Freedom House-ը դրական զարգացում է համարում:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ոլորտում 2011 թվականի բացասական զարգացումներին, ապա հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացրել է Պակիստանում շարունակվող մահացու անպատժելիությունը` տարվա ընթացքում լրագրողների եւ ընդդիմադիրների աղմկալի սպանությունները, Աֆրիկայում` միասեռականների հետապնդումներն ու սպանությունները, Բահրեյնի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը:

Չնայած ինչպես արաբական աշխարհի այլ հատվածներում` Բահրեյնում եւս կառավարական ուժերը բարեփոխումներ պահանջող ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, այնուամենայնիվ, ՄԱԿ-ը որեւէ բանաձեւ Բահրեյնի վերաբերյալ չի ընդունել, եւ պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ չեն կիրառվում: Միացյալ Նահանգներն անգամ հայտարարել է իր դաշնակիցը համարվող Բահրեյնին 53 միլիոն դոլարի զենք վաճառելու մասին:

Որպես տարվա ձախողում մարդու իրավունքների ոլորտում Freedom House-ը դիտարկում է Եգիպտոսում քրիստոնյա փոքրամասնության, մասնավորապես` քրիստոնյա ղպտիների զանգվածային սպանությունները։

Եվ վերջապես, Freedom House-ը հետընթաց է համարում նաեւ Միացյալ Նահանգների միգրացիոն օրենսդրության խստացումը. որոշ նահանգներում ոստիկանությունը կարող է կարգավիճակը հաստատող փաստաթղթեր պահանջել առօրյա շփումներում, եւ անգամ երեխաներից` հանրակրթական դպրոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG