Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի դեմ կին գործարարի բողոքով հարուցված գործը կարճվեց


Կին գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Կին գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է` հիմնավորելով, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը:

Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 15-ի իր գրավոր հաղորդման մեջ նշել էր, որ նախօրեին Սյունիքի մարզպետը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Քրեական գործը հարուցվել էր ծեծի հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Մոտ մեկ ամիս տեւած նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում` ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, հիմնավորվել է, որ մարզպետի եւ այս կնոջ միջեւ «անբարյացակամ հարաբերություններ եղել են եւ այդ օրը հյուրանոցի սրճարանում ծագած վեճի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը մեկ անգամ ձեռքով հարվածել է Սիլվա Համբարձումյանին»: Սակայն, ինչպես նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ, քանի որ «քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը, մինչդեռ Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, ուստի ՀՔԾ-ն որոշել է, որ գործի վարույթը պետք է կարճվի»:

Սյունիքի մարզպետը իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:

Սիլվա Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ եթե մարզպետը օրենքի առջեւ խոստովանել է եւ զղջացել «դա կարելի է դիտարկել որպես հրապարակային ներողություն», ինչը Համբարձումյանը «հաղթանակ» է համարում, քանի որ դա էր ի սկզբանե պահանջել:

«Ինքը արդեն ապացուցում է, որ կատարել է եւ դրա համար զղջում է, այսինքն նույն ներողությունն է», - ասաց Համբարձումյանը:

Սիլվա Համբարձումյանը նաեւ մշտապես հայտարարում էր, որ Սուրիկ Խաչատրյանի հետ կհաշտվի, եթե վերջինս վճարի իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից «յուրացրած» 100 միլիոն դրամից (շուրջ 260 հազար դոլար) ավելի արժողությամբ սարքավորումների գումարը կամ վերադարձնի սարքավորումները: Գործարարը այսօր համոզված էր, որ մոտ օրերս այդ հարցն էլ կլուծվի:

«Քննիչն է երաշխիք տվել, որ դա Ձերն է, կամ գումարը կամ սարքավորումը կտեղափոխվի Ձեր մոտ, եւ կարծում եմ, որ արագ կվերջացնենք դա: Չեմ կարծում, որ [մարզպետը] չի վերադարձնի», - ասաց Համբարձումյանը:

Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Համբարձումյանին որեւէ գումար վերադարձնելու մտադրություն չունի:

«Չէ, շատ իզուր է ասում, տենց բան չկա, ես ի՞նչ կապ ունեմ այդ գումարի հետ, ոչ մեկ իրենից գումար չի վերցրել, ոչ մեկ իրեն գումար վերադարձնելու խնդիր չունի, ես կարծում եմ, այսուհետեւ ոչ մեկը չի հավատա նրա խոսքերին», - ասաց Խաչատրյանը:

Չնայած Համբարձումյանին ապտակելու մասին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, Սյունիքի մարզպետը շարունակում է պնդել, որ ինքը այդ տիկնոջը չի հարվածել, այլ թեթեւակի հրել է, բայց հաստատեց, որ զղջացել է «երեւույթի համար»:

«Ասենք, թե ամբողջ հանրապետությունով մեկ իրա ներկայացրած սցենարը ինձ համար հաճելի չէր, շատ տհաճ էր, որ ամբողջ հանրապետությունով մեկ տենց ներկայացրեց էդ ամեն ինչը, համենայնդեպս, ինձ հետ կապված գոնե դա շատ վատ էր», - ասաց մարզպետը:

Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ-ի որոշումը բողոքարկելու մտադրություն այս պահին կարծես թե չունի, բավարարված է: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի զրուցակից իրավապաշտպանները համոզված էին, որ այս գործը կարճելու որոշումը Հայաստանում առկա անպատժելիության մթնոլորտի հերթական դրսեւորումն էր: Ժաննա Ալեքսանյանն ու Արթուր Սաքունցը հայտարարեցին, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կատարվածը առավելապես համապատասխանել է «Խուլիգանության» հոդվածին` «հասարակական կարգի կոպիտ խախտում, որն արտահայտվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», սակայն նրանց կարծիքով` քրեական գործը ի սկզբանե այս հոդվածով չի հարուցվել, որպեսզի կարճելու համար բավարար հիմքեր լինեն եւ կարճելն ավելի հեշտ լինի:

«Ձեւավորված է տիպիկ ֆեոդալական մի իրավիճակ, երբ ֆեոդալիկները իրավապահ մարմինների աջակցությամբ անձեռնմխելիություն են ձեռք բերում», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Եթե ծեծողը Սուրիկ Խաչատրյանն է` Սյունիքի մարզպետը, ապա իրեն թույլատրելի է: Բազմաթիվ առիթներ են եղել, որպեսզի համոզվենք, որ Սուրիկ Խաչատրյանը դուրս է օրենքից եւ իրեն ամեն ինչ կարելի է: Այս անգամ այդ անպատժելիությունը հաստատվեց հանրապետության նախագահի մակարդակով. նախընտրական շրջան է, ինչպես կարելի՞ է Սուրիկ Խաչատրյանին նեղացնել, երբ նա ապահովում է ամբողջ Սյունիքի մարզի ընտրությունների կեղծիքները», - ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG