Մատչելիության հղումներ

logo-print

Նազարյանի գործով մեղադրվողների հարազատները արդար դատաքննություն են պահանջում


Անցյալ տարի մահացած պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրվող երեք շարքայինների հարազատները երկուշաբթի օրը նախագահական նստավայրի առջեւ բողոքի ցույց անցկացրին` պահանջելով արդար դատաքննություն:

Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010-ի հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները` կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը եւ Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Ամբաստանյալների հարազատներն էլ հայտարարում են, թե այդ զինծառայողներն անմեղ են, նրանց վրա բռնությամբ «գրել են տվել»:

Տուժող կողմի պնդմամբ` առանցքային վկա, հենակետի խոհարար Արման Մնացականյանը, այժմ պահվելով Ռազմական ոստիկանությունում, չի կարող ոստիկանության դեմ ցուցմունքներ տալ: Նա դեռ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե դեպքի վերաբերյալ ոչինչ չի հիշում: Ըստ տուժող կողմի` Արման Մնացականյանի ներկայությամբ է կատարվել Արտակ Նազարյանի սպանությունը: Տղայի հարազատներն ասում են, որ Մնացականյանի վրա ճնշում են գործադրում, ուզում են նրան քավության նոխազ դարձնել այս գործով:

«Մենք պահանջում ենք, որ Արմանին չհարցաքննեն, թող զորացրվի, զորացրվելուց հետո նոր հարցաքննեն: Իրեն ռազմական ոստիկանի ուղեկցությամբ բերում են, ոստիկանի ուղեկցությամբ էլ տանում», - ասաց նրա հարազատներից մեկը:

Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է: Ըստ դրա` Արտակ Նազարյանը մահացել է իրեն ամրակցված մարտական զենքից ստացած հրազենային վիրավորումից: Նրա հարազատները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով: Ըստ էության, նույն են ասում նաեւ քրեական գործով հինգ մեղադրվողների հարազատները, թեեւ այսօր նախագահական նստավայրի առջեւ ցույցին ներկա էին միայն երեք շարքայինների հարազատները: Կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի հարազատները նախագահի արդարություն պահանջելու չէին եկել:

«Էրեխեքին մի տարի, յոթ ամիս է փակել են, արդար քննություն չի գնացել, քննիչները կոծկել են գործը, սարքել են էրեխեքի գլխին», - ասում էր շարքայիններից մեկը հայրը:

Արտակ Նազարյանի հարազատները կարծում են, որ մեղադրվողներ կամ առհասարակ մեղավոր չեն, կամ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Նազարյանի քույրը` «մեղավոր են Նազարյանի սպանության, ոչ թե ինքնասպանության հասցնելու մեջ»:

Այսօր ցույցը վերահսկող ոստիկանները փորձում էին համոզել ցուցարարներին, որպեսզի նրանք համբերությամբ զինվեն եւ դադարեցնեն բողոքի ակցիան: Նրանց խոսքով` նախագահը երկրում չէ (նա Իտալիայում) եւ չի լսում ցուցարարների կոչերն ու պահանջները:

«Չունե'մ համբերություն, չունե'մ: Իմ էրեխուն բերեք տվեք ինձ», - ի պատասխան գոռաց հայրերից մեկը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիա կատարած իր աշխատանքային այցից կվերադառնա դեկտեմբերի 16-ին: Ցուցարարներին հանդիպած նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը խոստացել է խնդիր մասին տեղյակ պահել նախագահին եւ արդարադատության նախարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG