Մատչելիության հղումներ

Մարիամի խոսքերով` իրենց ամուսնական կյանքը տեւել է ընդամենը 7 օր: Այնուհետեւ սկսվել են Մարիամի տանջանքները. ամուսնու ընտանիքը բռնության է ենթարկել 20-ամյա կնոջը:

Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին:

20-ամյա Մարիամի հետ հարցազրույցի ձայներիզը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրամադրեցին ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանն ու Hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Ինչ որ գնացել եմ, ընդամենը մի շաբաթ երեւի իրար հետ անցկացրեցինք որպես ամուսիններ: Դրանից հետո ինքը ինձ սենյակից դուրս ա հանել, ես սաղ գիշեր աթոռին նստած ցուրտ սենյակում պիտի մնայի: Պատառաքաղով ծակծկում էր ամբողջ մաշկը, եթե ես վարագույրները նորմալ կախած չլինեի: Ինքը ասում էր` երկու րոպեում լվացքդ կանես-կվերջացնես սեւ սապունով, եթե չհասցնեի, կծեծեր»,- ասում է Մարիամը:

Ամուսնանալուց մոտ 10 ամիս անց Մարիամը վերադարձել է Հայաստան: Հայրն աղջկան օդանավակայանում նույնիսկ չի ճանաչել: Նրանք դիմել են ոստիկանություն:

Hetq.am-ի լրագրողներից մեկի ջանքերով պարզվել է, որ համաներմամբ ազատ արձակված Դավիթը այժմ Հայաստանում է գտնվում:

«Սա դասական թրաֆիքինգի օրինակ է, որովհետեւ աղջկա անձնագիրը վերցրել էին, սենյակի դուռը փակ էր, որեւէ տեղ չէր կարող գնալ, անընդհատ կկտանքների էր ենթարկվում: Այս ընտանիքը երեւի հիվանդություն ունի. պատառաքաղով աղջկա ամբողջ մարմինը ծակծկված է», - ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Տվյալ հոդվածի փոխարեն, մինչդեռ, Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով հնարավոր էր քրեական գործ հարուցել, ասաց Էդիկ Բաղդասարյանը` հայտնելով, որ իրենք հենց այս բովանդակությամբ նամակ են ուղղել դատախազությանն ու ոստիկանությանը:

«Մենք գրել ենք, թե ինչ հոդվածներով կարելի էր Քրեական գործ հարուցել: Քրեական գրքի հոդված 19` խոշտանգում, որ կարող էին հարուցել, բայց չեն հարուցել, 112 հոդվածը` դիտավորությամբ առողջության վնաս պատճառելը, բազմաթիվ նման այլ հոդվածներ», - հավելեց Բաղդասարյանը:

Անահիտ Հայրապետյանն նշում է, որ Դավիթ Զիրոյանն ու իր ընտանիքը նրա երկու կանանց դեպքում էլ ընտրել են հայկական ավանդույթներով դաստիարակված, համեստ, այսպես ասած` «տուն տանելու» աղջիկների:

«Հիմնականում ընտրում են խելոք, համեստ ընտանիքների աղջիկների: Էն որ մտնում ես ընտանիք, զգում ես, որ այս աղջիներին մայրերը ամեն ինչ սովորեցրել են` սեղան դնել, մեծին հարգել, հյուր ընդունել: Ամենադասական, սակայն ոչ այնքան լավ սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներ», - ասաց ֆոտոլրագրողը:

Էդիկ Բաղդասարյանի խոսքերով` ամենախոշոր խնդիրներից մեկը հենց տուժածների լռությունն է, նման բռնությունից տուժածը` Մարիամը, տվյալ դեպքում չի լռում ու նույնիսկ այդ թեմայով իրականացվող ցույցերին է մասնակցում:

XS
SM
MD
LG