Մատչելիության հղումներ

ՀԱԿ - կոալիցիա երկխոսությունը` տարվա ձեռքբերում


Հայաստան – Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երկխոսությունը, Երեւան, 26-ը հուլիսի, 2011թ.
Հայաստան – Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երկխոսությունը, Երեւան, 26-ը հուլիսի, 2011թ.
Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների մասին` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ 2011 թվականի ամենադրական արդյունքը ՀԱԿ-ի եւ իշխանական կոալիցիայի միջեւ ծավալված երկխոսությունն էր:

«Ես շատ հուսահատական բաներ եմ տեսնում նաեւ մեր շարքերում, իմ ընկերների մոտ, բայց ես ասեմ, որ հուսահատվելու բան չկա: Ընդհանուր առմամբ` ես 2011 թվականը հաջողված տարի եմ համարում», - նշեց Ասատրյանը:

Ընդդիմադիր գործընկերոջ հետ համաձայն էր Ասատրյանի հետ ասուլիսին մասնակցող Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով հավելեց. - «Ուրիշ բան, որ որեւէ ռեալ արդյունք դա չէր կարող արձանագրել, որովհետեւ ընդդիմության պահանջները կտրուկ էին եւ անիրականանալի»:

Բագրատ Ասատրյանը չի հավատում իշխանությունների պնդումներին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ են անցնելու:

«Խոսում են բարեփոխումների մասին, բայց ես չեմ տեսել որեւէ գործիչ, որը հայտարարի` այս ընտրություններին թաղի խուժանը մասնակցելու է, թե չէ: Ես չեմ տեսել որեւէ պաշտոնյայի հայտարարություն, որ այսուհետեւ փող չի բաժանվելու», - նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչը հակադարձեց` «իսկ ե՞րբ են հայտարարել, որ ընտրակաշառք են տալու, ու խուժանն է մասնակցելու»:

«Չէ, երբեք այդպիսի բան չի եղել: Ուրիշ բան, որ իրականում դա տեղի է ունեցել, մենք ունենք խայտառակ ընտրությունների պատկեր` սկսած 95 թվականից, եւ չէի ասի, որ վերջին ընտրություններն էլ փայլուն անցավ», - հավելեց Մանվել Բադեյանը:

ՀՀԿ-ի պատգամավորն ընտրակաշառք է վերցրել


Հանրապետական պատգամավորն անկեղծացավ, թե մի անգամ նույնիսկ իր տան դուռն են զանգել եւ ընտրակաշառք առաջարկել:

«Առաջարկել են 5 հազար: Չեմ ասի, որ թեկնածուի կողմից: Մարդը մեղք չունի, որ իրեն կաշառք են առաջարկում, բայց մեղք ունի, երբ որ վերցնում է եւ պատվերը կատարում», - ասաց Բադեյանը: - «Ես ասե՞մ ինչ եմ արել` վերցրել եմ, բայց իհարկե չեմ արել այն պատվերը, որ պիտի անեմ»:

please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG