Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը հակված է «դաշինքային լուծումների»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կայացած ասուլիսում ասաց, թե կողջունի Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցությունը, բայց կարծում է, որ դա ներկայումս «ֆանտաստիկայի ոլորտից է»:

«Ես ներկա դրությամբ որեւէ հիմք չեմ տեսնում պնդելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից, եթե դուրս չգան, չգիտեմ` այդ երկխոսությունը տեղի կունենա, թե` ոչ», - ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն նշեց, որ ավելի հավանական է համարում, որ ԲՀԿ-ն Հանրապետականի հետ միասնական ցուցակով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քան թե ՀԱԿ-ի հետ երկխոսության գնա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Ժառանգություն»-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ո՞ր ուժի հետ դաշինք կկազմի, Հովհաննիսյանն ասաց, թե «Ժառանգություն»-ը ոչ կուսակցության ներսում, եւ ոչ էլ որեւէ այլ քաղաքական ուժի հետ առայժմ չի քննարկել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը եւ ցուցակների հարցը: Այդ հարցի պատասխանը, Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա 1-2 ամիսների ընթացքում: Ամեն դեպքում, նրա խոսքով, «Ժառանգություն»-ը հակված է «դաշինքային, ավելի լայն լուծումների գնալ», քանի որ անցյալի պարտությունները կապված են եղել հենց այդ հանգամանքի հետ, որ «յուրաքանչյուրը փորձել է իր սեփական փոքր դրոշի տակ առաջ գնալ»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե քաղաքական ուժերը իսկապես ուզում են իշխանությունը ժողովրդին վերադարձնել եւ ոչ թե խորհրդարանում 7 կամ 17 տեղ ունենալ, ապա պետք է միավորվել:

«Մենք հակված ենք մեծ լուծումների, բայց ի տարբերություն մեր անդրանիկ փորձի, որը տեղի է ունեցավ 2007 թվականին, մենք հավանաբար պատրաստ չլինենք սպասել մինչեւ վերջին օրը, եթե այդ սպասելը միայն անհիմն, սին միասնության սպասարկման համար պետք է լինի: Եթե իրապես կա գաղափարային, ծրագրային միասնության հնարավորություն, մենք պատրաստ ենք դա շոշափել, քննարկել եւ ի վերջո լուծել բոլոր նման համագործակցող ուժերի հետ», - «Ժառանգության» առաջնորդը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու հարցին` նա ասաց. - «Դիտարկելով անցած տարին` 2011 թվականը, կարելի է ասել, որ խնդիրը մեր կողմից չէ, այլ կա վերապահում Հայ ազգային կոնգրեսի որոշ ղեկավարների կողմից: Անմիաբան վիճակի համար հիմնական պատասխանատվությունը գտնվում է «Ժառանգություն»-ից դուրս»:

Այսօր հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ ի պատասխան իր նամակին Սերժ Սարգսյանի արձագանքին: Հիշեցնենք` Րաֆֆի Հովհաննիսյանը բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին` հորդորելով ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նպատակով մի շարք հիմնաքայլեր իրականացնել, մասնավորապես, բացառել իր կուսակցության գործունեությունը նախագահի նստավայրում, քաղաքապետարաններից, գյուղապետարաններից հանել ՀՀԿ-ի գրասենյակները, հավասար մրցակցային պայմաններ ստեղծել եւ այլն: Սերժ Սարգսյանը ի պատասխան ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը այդ առաջարկները արել է ոչ թե «սրտի ցավով», այլ ցանկացել է վարկաբեկել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների նախաձեռնած գործընթացը: «Հաշվի չառնելով նրանց թույնը` մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել», - ասել էր նախագահը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե Սերժ Սարգսյանը իրեն պատասխանել է ոչ թե իբրեւ նախագահ, այլ իբրեւ «հուզված կուսակցապետ»: Ընդդիմադիր գործչի համոզմամբ` նախագահի այս հայտարարությունը ցույց տվեց, որ իշխանությունների աննախադեպ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին բրյուսելյան հայտարարությունները ընդամենը հռչակագրային բնույթ ունեն:

«Բոլոր դեպքերում ես չստացա իմ նամակի որեւէ կետի մի հիմնավոր պատասխան: Պատասխանը եղել է հիմնավորումներից, փաստարկներից դուրս եւ իր մեջ պարունակել է այն ուղերձը, որ շարքային քաղաքացին` լինի ընդդիմադիր, թե պարզապես հայ մարդ, իրավունք չունի գնահատական տակ կամ կարծիք տալ», - ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» հիմնադիր-ղեկավարը տարօրինակ է համարում նաեւ երկրի երկրորդ դեմքին` Հովիկ Աբրահամյանին, ԱԺ-ի նախագահի պաշտոնից հանելու եւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ նշանակելու` Սերժ Սարգսյանի որոշումը: Հովհաննիսյանի համոզմամբ, սա ուղղակ «պետական անլրջություն է»:

«Ընտրություններից քանի ամիս առաջ, երբ որեւէ շտաբի իրավական հիմք չկա, պետության թիվ երկրորդ մարդը դուրս է գալիս այդ պատճառաբանությամբ: Այստեղ կա, իմ կարծիքով, պետական, իշխանական անլրջություն եւ լրագրողը, քաղաքական գործիչը` մենք չգիտենք այս հարցերի պատասխանը: Որեւէ մեկը չի ասել, բացի նրանից, որ մենք շտաբ ենք ստեղծել, ուզում ենք, որ լավ լինի ամեն ինչ: Այդ շտաբի սահմանադրական հիմքը չկա, ուրեմն սա գերագույն անլրջություն է ժողովրդի, Ազգային ժողովի, ընդհանրապես մեր պետական կարգի վերաբերյալ», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG