Մատչելիության հղումներ

Դալմայի այգիների նախկին վարձակալների բողոքի ակցիան ապարդյուն անցավ


Հայաստան -- Նախկին Դալմայի այգիների տարածքը այս տարվա օգոստոսին, արխիվ

Հայաստան -- Նախկին Դալմայի այգիների տարածքը այս տարվա օգոստոսին, արխիվ

Դալմայի այգիների նախկին օգտագործողները, այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, պահանջում էին վերջնական լուծում տալ իրենց խնդրին: Նրանք քաղաքապետից պահանջում են կամ իրենց այգիներին համարժեք հողատարածք հատկացնել, կամ էլ դրամական փոխհատուցում տրամադրել:

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս տարվա ապրիլին նրանց հետ հանդիպման ժամանակ հուսադրել էր, թե նախկին այգիների այժմյան սեփականատերերը, որոնց շարքերում հայտնի գործարարներ կան, կփոխհատուցեն իրենց: Կարապետյանի հետ հանդիպումից անցել է 8 ամիս, բայց խոստումներից զատ` նախկին այգետերերը ոչինչ չեն տեսել:

«Մեր այս 8 տարվա պայքարն է, որ օրինականացնեն մեր հողերը, կամ սեփականաշնորհեն, կամ էլ ինչ-որ փոխհատուցում տան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց պահանջը պարզաբանեց ցուցարարներից մեկը: - «Մենք ամեն շաբաթ գնում ենք նախագահի նստավայր, գնում ենք վարչապետի մոտ, այսօր էլ եկել ենք այստեղ: Ոչ մեկը ոչ մի բան չի անում»:

Երեք շաբաթ առաջ նախագահական նստավայրի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին նախագահի աշխատակազմի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ են մոտեցել եւ խնդրել սպասել եւս երկու շաբաթ եւ հնարավորություն տալ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծանոթանալ գործին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Դալմա-Սոնա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Այսօր, խոստումից արդեն երեք շաբաթ անց, Դալմայի այգիների նախկին վարձակալները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ` սպասելով քաղաքապետի ընդունելությանը: Շուրջ մեկ ժամ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներին ի վերջո մոտեցան քաղաքապետարանի աշխատակիցները ու հայտնեցին, որ Տարոն Մարգարյանը գործուղման մեջ է, եւ, հետեւաբար, այսօր նրանց չի կարող ընդունել:

Դալմայի նախկին այգետերերը որոշեցին եւս 1 շաբաթ սպասել:

Հայաստանի կառավարության որոշմամբ` 8 տարի առաջ Երեւանի կանաչ գոտիներից մեկը` Դալմայի այգիները, ճանաչվեցին որպես հանրային գերակա շահ եւ օտարվեցին` հետագայում վաճառվելով տարբեր անհատների ու կազմակերպությունների: Ավելի քան 700 հեկտար տարածք գրավող այգիների վարձակալները արդյունքում զրկվեցին զբաղեցրած հողատարածքներից:

Նախկին այգետերերը, չհաշտվելով որոշման հետ, շարունակում են պնդել, որ կառավարությունն իր որոշմամբ խախտել է մի քանի օրենք եւ իրենց զրկել է տարիներով օգտագործվող հողի նկատմամբ սեփականություն գրանցելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG