Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմել են վարչապետին


Մարտի 1-ի զոհերի հարազատները
Մարտի 1-ի զոհերի հարազատները
Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` համոզմունք հայտնելով, որ մարտի 1-ի սպանությունները ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք էին։

Կառավարությունը մերժել էր «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին եկող տարվա բյուջեից 500 միլիոն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունն իր առաջարկը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհ: Մինչդեռ կառավարությունը իր մերժումը պատճառաբանել էր նրանով, թե համոզված չէ, որ զոհերի մահը ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք է եղել:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ով նաեւ «Մարտի 1» հասարակական կազմակերպության փոխնախագահն է, «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց վարչապետին ուղղված իրենց նամակի նպատակը: Թեեւ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը արդեն մերժել է փոխհատուցում հատկացնել իրենց, բայց նրան նամակ հղելը իմաստ ունի, նշեց զոհվածի հայրը:

«Իմաստ ունի նրա համար, որ վարչապետը չիմանա, թե մենք ոչինչ չգիտենք։ Մենք ամեն ինչ էլ գիտենք, ամեն ինչից էլ տեղյակ ենք, հասկացրեցինք նամակով, որ մարտի 1-ի սպանությունները բացահայտված է, իրավաչափությունը` ինքը ասում է բացահայտված չէ, մենք պնդում ենք, որ բացահայտված է, ինչի մասին է խոսքը», - ասաց Քլոյանը։

Սարգիս Քլոյանը նկատի ունի Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը այն մասին, որ մարտյան դեպքերի ժամանակ կիրառվել է «Չերյոմուխա - 7» տեսակի հատուկ միջոց, որից մահացել է երեք քաղաքացի: Այս դեպքում ինչպե՞ս է վարչապետը կասկածում ոչ իրավաչափության հանգամանքի վրա, հարցնում են մարտի 1-ի զոհերի հարազատները։

«Ես վարչապետին ուզում եմ հայտնել` պարոն վարչապետ, եթե ժամանակավոր հանձնաժողովը ապացուցել է, որ, այո, չորս ոստիկան, երեք զոհ, դատախազությունը ապացուցել է` այո, չորս ոստիկանի ձեռքում է գտնվել «Չեյոմուխա - 7» տեսակի զենք, այդ չորս ոստիկանները խփել են երեք անմեղ քաղաքացիների, բայց, միաժամանակ, չգիտենք` չորսից ո՞րն է խփել, ասենք` մե՞կն է երեքին խփել, երկո՞ւսն է երեքին խփել, թե՞ երեքը` երեքին, եւ դրանից ելնելով` մենք չենք կարողանում ձերբակալել ներքին զորքերի ոստիկաններին։ Ես ուզում եմ ասեմ` պարոն վարչապետ, էդ ո՞նց իրավաչափությունը ապացուցված չէ, երբ Ազգային ժողովը եւ դատախազությունը ասում է` այո, մենք` ներքին զորքերը, ոստիկանությունը, գնդակահարել է երեք ցուցարարի։ Հիմա սա բացահայտվա՞ծ է իրավաչափությունը, թե՞` ոչ. իհարկե բացահայտված է», - ընդգծեց Սարգիս Քլոյանը։

Անդրադառնալով փոխհատուցման վերաբերյալ կառավարության մերժմանը` «Մարտի 1» հասարակական կազմակերպության փոխնախագահը նշեց, թե իրենց համար այն զարմանալի չէր։ «Եթե կառավարությունը որոշեր փոխհատուցել մեզ, ապա ինքնըստինքյան կընդուներ, որ մեր որդիները մահացել են հենց իրենց մեղքով», - նկատեց Քլոյանը։ - «Եթե փոխհատուցման պահանջը ինքը կտա մեզ, իհարկե, մենք կվերցնենք այդ փոխհատուցումը, եւ այն ժամանակ Եվրոդատարանը կորոշի, հարցում կանի կառավարությանը` «ինչքա՞ն եք փոխհատուցում արել» … Դրա համար էլ գումար չեն ներկայացնում, եթե գումար ներկայացնեն, ուրեմն` 100 տոկոս մեղավորներն իրենք են»։

Քլոյանի համոզմամբ` Եվրոպական դատարանում գտնվող իրենց գործերի լսման արդյունքում կառավարությունն ի վերջո փոխհատուցելու է իրենց: Նա, ինչպես նաեւ Մարտի 1-ի մնացած զոհերի հարազատները հույս չունեն, որ այս իշխանությունները ի վերջո կընդունեն, որ իրենց մեղքով են իրենց որդիները զոհվել: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարից նրանք ակնկալիքներ չունեն:

Երկուշաբթի օրը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, Հատուկ քննչական ծառայութան քննիչ Վաղինակ Ջանազյանը հանդիպելու է լրագրողներին:

«Եթե միայն ասելու է` «ես նոր եմ ղեկավար, ես պետք է ուսումնասիրեմ գործերը», եթե երեք տարի ու կես Վահագն Հարությունյանը դեռ ուսումնասիրում է, իսկ նոր ղեկավարը նույնպես մի երեք, չորս, հինգ տարի էլ պետք է ուսումնասիրի, այդպիսով ուզում են քնեցնել մեր գործը», - ասաց Սարգիս Քլոյանը` ամփոփելով. - «Ես ոչ մի ակնկալիք չունեմ, որ կբացահայտվի, կամ փոխհատուցում կտան։ Ես մի հույս ունեմ` ե՛ւ Եվրոդատարան, ե՛ւ իշխանափոխությունից հետո ամեն ինչ կբացահայտվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG