Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը երթով նշեց Մարդու իրավունքների պաշտպանության օրը


Երթն արտոնված էր եւ միջադեպեր չարձանագրվեցին:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդեն չորրորդ անգամ են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով երթ անցկացնում, եւ անցած տարիների ընթացքում «ժողովրդի ճնշման շնորհիվ հաջողվել է նվաճել մի շարք հիմնարար իրավունքներ»:

«Հիմա առանցքային երկու իրավունք է մնացել, որ մենք դա էլ պիտի նվաճենք` հեռուստատեսության ազատությունն է եւ, առաջին հերթին` սեփական իշխանություն ընտրելու իրավունքն է», - հավելեց Զուրաբյանը` շարունակելով. - «Հայաստանում, ցավոք սրտի, ընտրությունները կեղծվում են այնպես, որ իշխանությունը միշտ վերարտադրվում է, եւ միայն այդ սեփական իշխանության ընտրելու վերականգնմամբ է, որ մենք կարող ենք կառուցել իսկապես ազատ, դեմոկրատական երկիր: Եվ այսօրվա մեր երթի առանցքը հենց այդ իրավունքի հաստատման ուղերձն է»:

«Մենք տեսանք այս վերջին տարիներին, օրինակ, Բուզանդի փողոցում ոտնահարվեց մարդկանց սեփականության իրավունքը, հետո` ազատ ընտրության իրավունքը, հետո` արտահայտվելու ազատությունը, եւ այդպես շարունակ: Այսինքն, եթե իշխանությունը իր բնույթով մարդու իրավունքները ոտնահարող է, նա ցանկացած առիթ կօգտագործի մարդու իրավունքները ոտնահարելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Երթը, որին մասնակցում էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավարտվեց Ազատության հրապարակում:
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG