Մատչելիության հղումներ

Ղարաբաղում այսօր եռակի տոն է


21 տարի առաջ` 1991 դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, եւ ընտրողների 99.9 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը: Իսկ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ընդունվեց Սահմանադրությունը:

Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվում են, եւ խախտվում են ոչ թե տեղական իշխանությունների, այլ միջազգային հանրության կողմից. սա Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի կարծիքն է:

«Համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածի համաձայն, ցանկացած մարդ ունի հավասար իրավունք եւ հավասարապես պետք է նա նաեւ պաշտպանվի: Այդ պաշտպանության տակ մենք հասկանում ենք նաեւ այլ ատյանների, ասենք` միջազգային ատյանների պաշտպանությունը, որի ներքո, ցավոք, մենք չենք գտնվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով, երկրորդ խախտումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը մինչեւ այսօր ճանաչված չէ որպես անկախ պետություն:

«Սակայն ասածս չպետք է մեզ ինչ-որ բան ներշնչի, թե ահա կան մեր ժողովրդի իրավունքների ավելի կոպիտ խախտումներ», - ասաց նա` շարունակելով. - «Մենք պետք է ավելի հետեւողական լինենք, քանի որ ինչքան պաշտպանված լինեն մեր քաղաքացիների իրավունքները պետության ներսում, այնքան մենք միջազգային հանրության համար ե’ւ ճանաչելի կդառնանք, ե’ւ ընդունելի կդառնանք»:

Ստեփանակերտում երեկ անցկացված կոնֆերանսում` նվիրված անկախության հանրաքվեին ու Սահմանադրության ընդունմանը, խոսվեց նաեւ այն մասին, որ բանակցային սեղանին շարունակում են քննարկվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարբերակներ:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ դեռեւս 2008 թվականին ԼՂ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հայտարարության մեջ հստակ նշվել էր, որ կարգավիճակի վերաբերյալ կրկնակի հանրաքվեի անցկացումն անընդունելի է. - «Դա արտացոլում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի ամփոփ տեսակետը, ինչը լիովին համապատասխանում է նաեւ գործադիր իշխանության վերաբերմունքին»:

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներից Գեորգի Պետրոսյանի խոսքով, 1991 թվականին անցկացված հանրաքվեն «կարծես մոռացության է մատնվել, իսկ երբեմն էլ խեղաթյուրվում է»:

«Մենք այն ժամանակ նաեւ ադրբեջանցիների հրավիրեցինք [մասնակցելու հանրաքվեին], որոնք ապրում էին Ղարաբաղում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պետրոսյանը: - «Ադրբեջանի ղեկավարությունը ճնշում կատարեց ադրբեջանցիների վրա, իրենք բոյկոտի ձեւով արտահայտեցին իրենց վերաբերմունքը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG