Մատչելիության հղումներ

Նախկին օմբուդսմենը վտանգված է համարում մարդու իրավունքները Հայաստանում


Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում վտանգված վիճակում է», - ասաց Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, եւ իրավունքների պաշտպանության տեսակետից հինգ բալային համակարգով հայաստանյան օրենսդրությունը գնահատեց 3.5, իսկ իրավակիրառական պրակտիկան՝ 2.5:

Նա հավելեց, որ թե քաղաքացիները, թե իշխանական մարմինները պետք է հստակեցնեն իրենց դերակատարությունն այդ հարցում:

«Առանց հասարակության ակտիվ գործունեության որեւէ երկրում չի կայանում մարդու իրավունքների պաշտպանությունը», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ամենից խոցելի խմբերից են երեխաները, քանի որ ամենաանպաշտպան խումբն են:

«Իսկ առաջին խումբը դա ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ են, որպես կանոն նրանք ամենաճնշվածներն են: Երկրորդ խումբը ոչ լիարժեք ֆիզիկական ունակություններ ունեցող անձինք են, երրորդը՝ փախստականները, տեղահանված անձինք եւ մասնավորապես բոլոր նրանք, ովքեր չեն լուծել իրենց բնակարանային խնդիրը», - նշեց նա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, իշխանական մարմինները հաճախ ընկալում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը եթե ոչ որպես խոչընդոտ, ապա «որպես մի մարմնի, որին կարելի է լսել, կարելի է չլսել»:

Հայաստանում հասարակությունը բավարար չափով իրազեկված է, որպեսզի զգայուն իշխանությունների դեպքում ունենանք ավելին, քան ունենք: Հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, իրենք քաղաքացիները պետք է իշխանության վրա ճնշման մեխանիզմներն ավելացնեն, որ իրավունք ունենան ոչ միայն խոսելու, այլեւ արդյուքն ստանալու:

«Մարդու իրավունքների ամենավտանգված ոլորտը դատավարական իրավունքների ոտնահարումն է: Պատճառը՝ օրենքի կամայական մեկնաբանությունն է: Լավ օրենքների պարագայում նույնիսկ, դրանց կամայական մեկնաբանությունները չեն թույլ տալու, որպեսզի մենք դառնանք իրավական պետություն եւ մարդը միշտ ստորադասվելու է ռեպրեսիվ մեթոդներին», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:


XS
SM
MD
LG