Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ի մամուլ


Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով «Առավոտ»-ի խմբագիրը խորհրդածում է. -«Ինձ թվում է՝ մեր իրավապաշտպանների գլխավոր խնդիրը չափից դուրս քաղաքականացված լինելն է. մեծ մասամբ նրանք «ընդդիմադիր» են, չնայած կան նաեւ «իշխանամետներ», սակայն այդ մակդիրները իրավապաշտպանների (ինչպես նաեւ, ի դեպ, ԶԼՄ-ների) նկատմամբ կիրառելը նոնսենս է. նրանց շահառուն պետք է լինի Մարդը, ոչ թե այս կամ այն կուսակցականը: Իրավապաշտպանները, որպես կանոն, իրենց հայտարարություններն անում են հասարակական հնչեղ խնդիրների շուրջ, քանի որ այդպիսով ավելի հեշտ է դիվիդենդներ շահել եւ մարդու իրավունքների քաջարի մարտիկի համբավ ձեռք բերել: Հեռավոր գյուղում ապրող շարքային մարդիկ, որոնց, ենթադրենք, գյուղապետը ստրկական վիճակում է պահում, նրանց սովորաբար քիչ է հետաքրքրում: Իրավապաշտպանների մյուս խնդիրը արտասահմանյան դրամաշնորհներն են: Երբեմն դրանք տրվում եմ անհասկանալի նպատակներով, եւ սկսում ես կասկածել նման իրավապաշտպանների գործունեության արդյունավետությանը ընդհանրապես»: Հոդվածագիրը այս համատեքստում առանձնացնում է մեկ խնդիր եւս` իրավապաշտպանության ոլորտների սխալ բաշխումը. - «Չեմ կարծում, որ Հայաստանում թիվ մեկ խնդիրը սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն է: Շատ ավելի կարեւոր խնդիր է, օրինակ, կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ընտանեկան բռնությունները կարծես թե դառնում են մեր գլխավոր չարիքներից մեկը: Մարդու իրավունքները Հայաստանում եւ բոլոր մնացած երկրներոմ խախտվում են ամեն քայլափոխի: Այդ խախտումների դեմ պայքարը արդյունավետ կլինի այնքանով, որքանով զերծ կմնա քաղաքական հռետորաբանությունից: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները տալիս են դրա լավագույն օրինակը»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Օրեր շարունակ մեր քաղաքագետներն ու լրագրողները քննարկում են Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստան»-ի հարաբերությունները: Մեկ նրանց փոխհարաբերություններին վերագրում են կատաղի հակասություններ, որ հանգեցնելու են գրեթե քաղաքացիական պատերազմի, մեկ եզրակացնում են, որ նրանք նույն ցուցակով են ընտրության գնալու, այսինքն` համերաշխ ու խաղաղ: Այսպես է արդեն մոտ երեք տարի: Հակասություններ, անշուշտ, կան: Անգամ երեսուն տարվա ամուսինների մեջ են հակասություններ ու տարաձայնություններ լինում: Հնարավոր է նաեւ, որ այս երկուսը մի ընդհանուր ցուցակով գնան ընտրությունների: Բայց եկեք այդ հարցին նայենք այլ տեսանկյունից. իսկ ի՞նչ է փոխվում մեր երկրի ու հասարակության համար` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասի՞ն են, թե՞ անջատ: Ի՞նչ է դրանից շահում երկիրը, քաղաքացին: Այն բանից` առանձի՞ն կհարստահարեն ժողովրդին, թե՞ թիմով, ի՞նչ է փոխվում: Եվ եթե անգամ նրանց մեջ շատ լուրջ հակասություններ կան, ի՞նչ իմաստ ունի դրանց քննարկումը, քանի դեռ նրանք իրարից չեն տարանջատվել, եւ նրանց վարքուբարքի մեջ ոչինչ չի փոխվել»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականը մտահոգություն է արտահայտում պետական կառույցներում աշխատողների անպաշտպան լինելու կապակցությամբ. - «Քաղծառայության խնդիրների մասին շատ է խոսվում: Բայց դա արդեն թույլ չի տալիս նկատել մնացած ծառայությունների վիճակը: Երբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարները փոփոխվում են ամեն նոր եկած քաղաքապետի հետ, կամ էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարը փոխվում է միայն նորընտիր ԱԺ նախագահի հետ ունեցած անձնական հարաբերությունների պատճառով, ոչ ոք հարց չի տալիս` իսկ որտե՞ղ մնացին պետական կամ համայնքային ծառայողների անփոփոխելիության` եվրոչափանիշներին համապատասխանեցված սկզբունքները: Թե՞ դա միայն արտաքին փաթեթավորումն է, եւ հանրությանն այս ամենին վարժեցնում են` նման սկզբունքներն ու կառուցակարգերը ձևական դարձնելու, հատվածական շահերն ու քմահաճույքները բավարարելու դաշտ ունենալու համար»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների կարծիքով, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է: «Մենք համամիտ ենք մեր ընթերցողի կարծիքին եւ Յուրա Մովսիսյանին հռչակում ենք 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ», - գրում է թերթը` հավելելով. - «Չնայած այս կոչմանը նույնքան արժանի ենք համարում թե’ Հենրիխ Մխիթարյանին, թե’ Լեւոն Արոնյանին: Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ հենց նրանք էին ամբողջ տարվա ընթացքում շուք ու փայլ տալիս հայկական սպորտին: Հատկապես նրանց հետ էին կապված մեր մարզական հույսերն ու հաղթանակները: Առանձնապես ուրախալի է, որ թե’ Մովսիսյանը, թե’ Մխիթարյանը եւ թե’ Արոնյանը լավագույն մարզիկների եռյակը լրացնում են որպես թիմային մարզաձեւերի կամ թիմի ներկայացուցիչներ: Արոնյանը, ճիշտ է, անհատական մարզաձեւի ներկայացուցիչ է, բայց այս տարվա մեծագույն հաջողությանը հասել է շախմատի Հայաստանի հավականի կազմում, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը: Մարզիկների թիմայնությունը հատուկ ենք շեշտադրում, որովհետեւ կարծրատիպ կա, թե հայերը չեն կարող փայլել թիմերի կազմում, թիմային տրամաբանության մեջ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG