Մատչելիության հղումներ

Եվրոն փրկելու եւս մի փորձ


Եվրամիության երկու խոշորագույն երկրների` Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներ Նիկոլա Սարկոզին եւ Անգելա Մերկելը

Եվրամիության երկու խոշորագույն երկրների` Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներ Նիկոլա Սարկոզին եւ Անգելա Մերկելը

Երկարատեւ, թեժ բանավեճերից հետո ի վերջո եվրագոտու անդամ բոլոր երկրները ուրբաթ օրը Բրյուսելում համաձայնեցին ֆինանսական կառավարման նոր կարգ սահմանել՝ բյուջեի պակասորդի սահմանված չափի պահանջները կատարելու համար։

Լինելով եվրագոտու անդամ՝ որոշ երկրների կառավարություններ իրենց թույլ էին տալիս գերազանցել բյուջեի պակասորդի սահմանված չափերը՝ ֆինանսավորելով բնակչության սոցիալական տարբեր ծրագրերը։

Մինչեւ այս ճգնաժամի սկիզբը Հունաստանում, օրինակ, մարդիկ կարող էին թոշակի անցնել արդեն 55 տարեկան հասակում եւ ստանալ գրեթե իրենց աշխատավարձի չափ կենսաթոշակ։ Սոցիալական նման շռայլությունը հնարավոր էր միայն պարտքեր վերցնելու միջոցով՝ պետական փոխառությունները մասնավոր բանկերին, անհատ ներդրողներին վաճառելով։ Բայց եկավ այդ պարտքերը մարելու պահը, եւ պարզվեց, որ Հունաստանը անվճարունակ է։ Սակայն չէ՞ որ այդ երկիրը Եվրամիության անդամ է: Ինչպե՞ս է վերադարձնելու պարտքը, եթե Եվրաբանկը հրաժարվում է ֆինանսավորել այն։ Ահա հենց այդպես էլ սկսվում է ճգնաժամը։ Եվրամիության հարուստ երկրները սկսում են փակել ֆինանսապես անկարգապահ «փոքր եղբոր» գերծախսերը։ Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի մսխող եղբայրները եզակի չեն Եվրամիությունում։ Այդ պատճառով էլ Եվրամիության հարուստ երկրները ԵՄ բոլոր անդամներին հավաքեցին Բրյուսելում եւ որոշեցին խիստ կանոններ սահմանել եվրագոտու 17 երկրների համար։ Ֆինանսական քաղաքականության խստացման պայմանագրին հավանություն տվեցին նաեւ եվրագոտուն չմիացած, սակայն Եվրամիության անդամ 6 երկիր։

Այս նոր գործարքին չմիացան Մեծ Բրիտանիան, Չեխիան, Հունգարիան եւ Շվեդիան։ Սակայն այսպես կոչված ընդդիմադիր երկրներից հատկապես աչքի ընկավ Մեծ Բրիտանիան, որը փորձում էր ընդհանրապես տապալել գործարքը։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գործարքի առնչությամբ ասել է, թե կգերադասեր, որ Եվրամիության բոլոր 27 երկրները համաձայնեին դրված պայմաններին, սակայն դա չհաջողվեց «մեր բրիտանացի բարեկամների դիրքորոշման պատճառով»։

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը անզիջում դիրքորոշում էր որդեգրել ամենասկզբից։ Նա ցանկանում էր բրիտանացիների համար շահեկան բացառություններ ստանալ, այնպես անել, որ բրիտանական ֆինանսական հաստատությունները ազատվեն նոր սահմանված հարկերից։

«Այն ինչ առաջարկվում է, չի համապատասխանում Մեծ Բրիտանիայի շահերին: Ըստ նոր պայմանագրի, ՀՆԱ-ի նկատմամբ ազգային բյուջեների 3 տոկոսի հասնող պակասորդը սահմանվում է իբրեւ առավելագույն սահմանաչափ», - հայտարարել է Քեմերոնը: - «Եթե որեւէ երկիր 3 տոկոս պակասորդից ավելի ծախսի, ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն ֆինանսական պատժամիջոցները»։

Առայժմ հստակ չէ, թե ինչպես է այդ գործարքը իրագործվելու, արդյո՞ք եվրագոտու անդամ երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն այն. որոշ երկրներում միջազգային պայմանագրերը վավերացվում են հանրաքվեով։ Սակայն Եվրամիության ղեկավարները, այդ թվում նաեւ երկու ամենազորեղ երկրների` Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներ Անգելա Մերկելի եւ Նիկոլա Սարկոզիի համոզմամբ, գործընթացը շատ ավելի արագ տեղի կունենա։ ԵՄ ղեկավարների կարծիքով, սա միջկառավարական գործարք է եւ վավերացման անհրաժեշտություն չի լինի։

Բրյուսելի այս գագաթնաժողովորւմ որոշում ընդունվեց նաեւ միջոցներ ձեռնարկել ներկա ճգնաժամը հաղթահարելու համար։ Որոշվեց մշտական փրկության մեխանիզմ ստեղծել։ Այսպես կոչված Եվրոպական կայունության մեխանիզմը՝ 500 միլիարդ եվրոյի պահուստներով, ուժի մեջ է մտնելու արդեն հաջորդ տարվանից՝ նախատեսված ժամկետից 1 տարի ավելի վաղ։ Բրյուսելի գագաթնաժողովը որոշեց ստեղծել Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ ֆոնդ՝ 200 միլիարդ եվրոյի չափով, որն օգտագործվելու է եվրոյի ուժեղացման համար:

Այդուհանդերձ, դատելով համաշխարհային բորսաների անմիջական արձագանքից, առայժմ չի կարելի ասել, թե ինչպիսին կլինի եվրոյի հետագա ճակատագիրը։ Որոշակի հոռետեսություն ֆինանսական շուկաներում ակնհայտ է։ Պատճառը, ըստ վերլուծաբանների, այն է, որ գործարքը չի ընդունվել ԵՄ-ի անդամ բոլոր 27 երկրների կողմից` 4 երկիր հրաժարվել է միանալ։

Գագաթնաժողովի վերջում առաջարկված ֆինանսական գործարքին միացան Եվրամիության բոլոր երկրները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG