Մատչելիության հղումներ

«Անհեթեթ» է Ղարաբաղի հակամարտությունը կրոնական համարելը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին, Երեւան, 9-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին, Երեւան, 9-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ հանդիպմանը անհեթեթ է որակել իսլամական երկրների շրջանակում Ղարաբաղի հակամարտությունը կրոնական հակասությունների լույսի ներքո ներկայացնելու Ադրբեջանի փորձերը:

«Բնականաբար, անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նշեցի, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Կարծում եմ, հայ ժողովրդի պատմությանը եւ նաեւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը: Այնուհանդերձ նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան նաեւ այդ մանրամասներին անծանոթ շրջաններ, եւ նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետեւանք չանցնել», - պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում ասաց Սերժ Սարգսյանը:

«Այս հարցում եւս կարեւոր է բարեկամ պետությունների անաչառ եւ անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջային փխրուն հավասարակշռության եւ կայունության խախտմանը», - հավելեց Հայաստանի նախագահը:

Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձավ նաեւ Լիբանանի նախագահը` նշելով, որ Լիբանանը դեմ է արտահայտվում Իսլամական երկրների կազմակերպությունում ընդունվող որեւէ որոշման, որը քննադատության է ենթարկում Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այդ հարցը պետք է կարգավորվի միջազգային օրենքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», - ասաց Միշել Սուլեյմանը: - «Ես ցանկանում եմ, որ… Մինսկի խումբը եւ հոգեւոր առաջնորդները ջանք չխնայեն այս հարցը կարգավորելու համար: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ աշխարհի մեծ ուժերը եւ երկրները ջանք չխնայեն կարգավորելու այնպիսի հարցեր, ինչպիսին Պաղեստինի հարցն է, Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները մշտապես սերտ ուշադրություն էր հատկացրել արաբական աշխարհի հետ համագործակցության ընդլայնմանը, իսկ Լիբանանը այդ երկրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում:

Հայաստանի նախագահը փոխանցեց, որ լիբանանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում փաստել են, որ Հայաստանը եւ Լիբանանը իրենց հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցել են միմյանց միջազգային կառույցներում երկու բարեկամանական երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում եւ կշարունակեն համագործակցել նույն փոխվստահության մթնոլորտում:

«Հայ ժողովուրդը շնորհակալ է բարեկամ Լիբանանին` խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նշեցի, որ բարձր ենք գնահատում Լիբանանում առկա եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ, ինչի արդյունքում հայ համայնքը թե’ լիարժեք մասնակցություն է բերում Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին, թե’ էլ ավելի է ամրապնդում հայրենիքի հետ ունեցած իր կապերը», - շեշտեց Սերժ Սարգսյանը:

Միշել Սուլեյմանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին Հայաստանի կողմից Լիբանանին ցուցաբերած մշտական աջակցության համար, «հատկապես Լիբանանի այն ջանքերին, որոնք կապված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1107 բանաձեւի բոլոր դրույթների կատարման հետ` մասնավորապես դիմագրավելու իսրայելական ոտնձգություններն ու խախտումները Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքների ամբողջական նկատմամբ»:

Սուլեյմանն անդրադարձավ նաեւ այսօր Լիբանանի Տիրե քաղաքում տեղի ունեցած պայթյունին, որի արդյունքում վիրավորվել են ֆրանսիացի խաղաղապահներ: Նա նշեց, թե այսպիսի ահաբեկչական գործողությունները չպետք է հանգեցնեն խաղաղարար ուժերի նահանջին:

«Լիբանանի անվտագնության ուժերը ջանք չեն խնայի, որպեսզի բացահայտեն եւ ձերբակալեն այդ պայթյունի պատասխանատուներին», - հայտարարեց Միշել Սուլեյմանը` հույս հայտնելով, որ դրան կարձագանքի նաեւ միջազգային հանրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG