Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ Ֆրանսիայում


Ֆրանսիայի Ազգային ժողովը նիստի ժամանակ, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի Ազգային ժողովը նիստի ժամանակ, արխիվային լուսանկար

Ֆրանսիական մամուլի գործակալության փոխանցմամբ, «Ժողովրդական շարժում միություն» (UMP) քաղաքական մեծամասնական, նախագահական կուսակցության կողմից հինգշաբթի օրը Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովին է ներկայացվել օրենքի նախագիծ, որի նպատակն է պատժելի դարձնել Հայոց ցեղասպանության ժխտումը։

Նման մի օրինագիծ քվեարկվել եւ ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հոկտեմբերին 12-ին, բայց այս տարվա մայիսի 4-ին մերժվել է Սենատի օրենսդիր հանձնաժողովի կողմից` նկատվելով իբրեւ անընդունելի։

UMP կուսակցության ներկայացրած այս նոր օրինագիծը, որը ստորագրել են UMP-ի եւ Նոր կենտրոնի կուսակցության 40 պատգամավորներ, առաջարկում է սահմանել մեկ տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրոյի տուգանք Հայոց ցեղասպանության իրականությունը ժխտողների համար։

«Ֆրանսիայի հայերը շարունակում են թիրախը հանդիսանալ օտար պետության կողմից կատարվող ժխտողական քարոզչության», - ըստ խորհրդարանական աղբյուրների` այդ կապակցությամբ ասել է UMP կուսակցության պատգամավոր հայազգի Պատրիկ Դեւեջյանը։

Իսկ նույն կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն, որը ներկայացրել է հայկական օրինագիծը Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովին, հայտարարել է. - «Մենք կգնանք մինչեւ վերջ, եւ Ֆրանսիան ավելի քան երբեք կդրսեւորի իրեն իբրեւ մարդու իրավունքների երկիր»։

Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովի նախագահ Ժան-Լյուկ Վարսմանը հնարավոր է համարել, որ օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացվի դեկտեմբեր ամսվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG