Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Օրինաց երկիր»-ը համագործակցելու են առաջիկա համապետական ընտրություններում եւ հիմա այդ համագործակցության ձեւերի փնտրտուքի մեջ են:

Խորհրդարանական ճեպազրույցներում նման հայտարարություն արեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով տարածված լուրերին, թե «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Հանրապետականը բանակցում են խորհրդարանական ընտրություններին միասնական համամասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ:

«Քաղաքական կոալիցիա հասկացողությանը դա դաշինք է, արդեն այդ դաշինքը կա: Մնում է ձեւը որոշել` որպես ռազմավարություն: Բնական է, այս պահին համագործակցում ենք եւ համագործակցելու ենք նաեւ առաջիկա ընտրություններում: Մնացածը` առանձին կգնանք, թե միեւնույն ցուցակով կգնանք, սա ընդամենը ձեւն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկին», - ասաց Սահակյանը:

Նա ասաց, թե համագործակցության ձեւի ընտրությանը կոալիցիան կանդրադառնա հունվարից հետո:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւս պնդեց, որ միասնական համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ իշխող կուսակցությունները որոշում չունեն, անգամ չեն քննարկել այդ հարցը: Բայց Բիշարյանն էլ չի հերքում, որ նման բան հնարավոր է:

«Եթե հանկարծ այնպիսի խնդիրներ առաջանան, ծառանան երկրի առջեւ, դա կարող է լինել քննարկման առարկա: Բայց այսօր նման քննարկում չկա», - ասաց նա` դժվարանալով, սակայն, նշել, թե երկրի առջեւ ծառացած որ խնդիրները կարող են բերել այդ ընտրական դաշինքի ձեւավորմանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Բոստանջյանը հավանական է համարում կոալիցիոն միասնական ցուցակի ձեւավորումը. - «Եթե երկրի շահերը ենթադրում են ու պահանջում են նման բան, ուրեմն բոլոր պարագաներում բոլոր քաղաքական ուժերի տրամադրվածությունն ու նպատակը պետք է լինի դա: Ելնելով այդպիսի իմպերատիվից, այսինքն երկրի շահերից` ես կարողանում եմ տեսնել դրա հավանականությունը: Բայց այսօր դրությամբ, եթե արծարծվում է նման հարց, այդ հարցը պարզապես որպես տեսակետ է արտահայտվում»:

Հարցին, թե երկիրը դրանից ինչպես կարող է շահել, պատգամավորը պատասխանեց. - «Այնպես կարող է շահել, որ այդ ճանապարհով ապահովվի ե’ւ կայունություն, ե’ւ հանդուրժողականություն, ե’ւ ընդհանրապես խնդիրների լուծման համար միասնական մոտեցում»:

Անցած տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում փորձելու են ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը: Հարցին, թե կարելի է ուժը կորցրած համարել այդ հայտարարությունը, Բոստանյանը արձագանքեց. - «Բացարձակապես այդպես չի կարելի համարել, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ընդհանրապես մի նպատակ ունի` ունենալ ավելի մեծ ընտրազանգված»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը, սակայն, ՀՀԿ-ի հետ իրենց հարաբերությունների բարելավումը չի կապում թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով կալանավորված Մասիսի քաղաքապետականի աշխատակից, «Բարգավաճ Հայաստան»-ի հետ առնչություն ունեցող Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նախօրեին փոխելու հետ: Դեկտեմբերի 7-ին Ղազարյանն ազատ է արձակվել` բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կալանավորված «Բարգավաճ Հայաստան»-ի Ջերմուկի կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի եւ նույն կուսակցության հետ սերտ կապեր ունեցող «Արարատ ցեմենտ» գործարանի առաքիչ, «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանի խափանման միջոցները չեն փոխվել:

Բոստանյանն ասում է, որ ո’չ իրենց համակիրների կալանավորման, ո’չ էլ նրանցից մեկի խափանման միջոցը փոխելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: - «Հետապնդումները դադարել են կամ ավելի մեղմ են դառել. նման բաներ չի կարող լինել: Այդ նույն երեւույթը կարելի է պատկերացնել այլ մարդկանց կտրվածքով… Քաղաքական ենթատեքստ չեմ ուզում տեսնել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG